Tuesday, May 25, 2010

ԵՐԲ ԵՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԸ

«Լրագիր» 25-5-2010- Եվրախորհրդարանի 2216 հայտնի բանաձեւին Հայաստանի քաղաքական դաշտի արձագանքը գուցե անհամարժեք, բայց աշխույժ էր եւ օպերատիվ, թեեւ հայտնի չէ ինչ կլիներ, եթե այդ ժամանակահատվածը չհամընկներ խորհրդարանական ճեպազրույցների եւ արտգործնախարարի ասուլիսների հետ եւ այդ ընթացքում չհնչեին թեմայի վերաբերյալ լրագրողների հարցերը: Խնդիրն այն է, որ օրինակ թե իշխող կոալիցիան, թե արտգործնախարարությունը, պաշտոնական որեւէ հայտարարություն չեն արել ի պատասխան Եվրախորհրդարանի բանաձեւի, եւ միայն խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանն է նամակ գրել Եվրախորհրդարանի նախագահին, այն էլ թերեւս ոչ այնքան խնդրին պատասխանելու, այլ “խորհրդարանի դերը բարձր պահելու” ծրագրի շրջանակներում: Բանն այն է, որ եթե բանաձեւն ընդունել է Եվրախորհրդարանը` այսինքն Եվրոպայի ներկայացուցչական մարմինը, ապա թերեւս համարժեք պատասխանը պետք է տրվի Հայաստանի ներկայացուցչական մարմնի հայտարարության, ոչ թե դրա նախագահի նամակի մակարդակով: Այլ հարց է իհարկե, որ Հայաստանի խորհրդարանի պարագայում ներկայացուցչական մարմին ասվածը խիստ հարաբերական հասկացություն է: Բայց, այդ ամենով հանդերձ, հետաքրքրական է, որ Եվրախորհրդարանի բանաձեւին կարծես թե դեռ որեւէ արձագանք չի եղել պաշտոնական Ստեփանակերտից: Հասկանալի է, որ այդ օրերին Ղարաբաղի խորհրդարանի ուժերը զբաղված էին ընտրությամբ, նրանց միտքը զբաղված էր իրենց ճակատագրով` տեղ կունենան արդյոք նոր խորհրդարանում, քանի տեղ կունենան, ինչ պետք է անեն հետո, երբ տեղ չունենան այլեւս: Բայց միթե դա է պետությունը, որ երբ տեղի է ունենում ընտրություն, ապա պետությունն անջատվում է անորոշ ժամանակով, անզգայանում: Միթե իր այդ պահվածքով Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը չի արդարացնում Եվրախորհրդարանի այդօրինակ բանաձեւը ու չի խրախուսում այդպիսի նորանոր բանաձեւերի պոտենցիալ հեղինակներին: Մեզանում շատերը սիրում են գեղեցիկ խոսել այն մասին,թե Ղարաբաղը կայացած պետություն է, թե այնտեղ տեղի ունեցող ընտրությունները վկայում են հենց այդ մասին, այդ ընտրություններն անցնում են ազատ, արդար, նախանձելի պայմաններում, որ աշխարհը պետք է ի վերջո ընդունի ու ճանաչի այդ ամենը: Բայց միթե կայացած պետությունը ընտրական շրջաններում դադարում է համարժեք լինել աշխարհում տեղի ունեցող պրոցեսներին, այն էլ անմիջականորեն իրեն, իր ճակատագրին վերաբերող: Թե Ղարաբաղի իշխանությունը, Ղարաբաղի խորհրդարանը հույսը դրել են Հայաստանի քաղաքական ուժերի, Հայաստանի խորհրդարանի եւ իշխանության վրա: Իսկ գուցե Ղարաբաղը պարզապես արհամարհում է Եվրախորհրդարանին եւ դրա ընդունած բանաձեւը բանի տեղ չի դնում: Այդ դեպքում սակայն գուցե արժե, որ պաշտոնական Ստեփանակերտը արձագանքի արդեն Հայաստանից եվրախորհրդարան գնացած արձագանքատիպ ձեւակերպումներին, Հայաստանի քաղաքական ուժերին եւ իշխանությանը հանգստացնելով եւ խորհուրդ տալով, որ չխառնվեն իրար եւ ծանր տեղները չթեթեւացնեն: Թեեւ, մյուս կողմից, իսկ ով է ասում, որ Հայաստանում խառնվել են իրար: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: