Wednesday, May 5, 2010

ՎԱՅ ՆՐԱՆ, ՈՎ ԿԳԱՅԹԱԿՂՎԻ

«Լրագիր» 5-5-2010- Բաքու կատարած այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի Շահիդների ծառուղի այցելած լինելու մասին Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարության մասին տեղեկատվությունը, որ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները, դարձավ հերթական առիթը, որ Հայաստանի հեռուստաեթերում կրկին ծվեն-ծվեն արվի, ուղղակի քրքրվի Ալիեւի պատկերը: Զարմանալի է, թե այդքանից հետո դեռ ինչպես է, որ ասենք Մեհրիբան Ալիեւան չի բաժանվել իր ամուսնուց: Երեւի Մեհրիբան Ալիեւան հայկական հեռուստատեսություն չի դիտում, այլապես հիմա վաղուց բաժանված կլիներ իր վախկոտ ամուսնուց: Թերեւս ստացվում է, որ հայկական հեռուստատեսություն չնայելը քայքայումից փրկում է Ադրբեջանի թիվ մեկ ընտանիքը: Բայց տվյալ պարագայում խոսքը Ալիեւների մասին չէ: Խոսքն այն տեղեկատվության մասին է, որ տարածեցին ադրբեջանական լրատվամիջոցները, ընդ որում հղում կատարելով Կովկասի մուսուլմանների հոգեւոր առաջնորդ Փաշազադեին, որը հետո հերքեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որից հետո լուրը հերքեց ինքը Փաշազադեն, ամբողջական դարձնելով Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի Շահիդների ծառուղի այցելած լինելու փաստի հերքումը: Բայց խնդիրը դա չէ: Խնդիրը տվյալ դեպքում այն է, որ ադրբեջանական այդ պահվածքը լավագույնս հիշեցնում է Աստվածաշնչյան խոսքը` “վայ նրան, ով կգայթակղվի”: Միգուցե Ամենայն Հայոց Կաթողիկոսին պետք չէր գայթակղվել Բաքվում հոգեւոր առաջնորդների հավաքի գաղափարով, քանի կային մի քանի իրողություններ, որոնք տալիս էին “չգայթակղվելու” բավարար լուրջ հիմքեր: Որքանով էր տրամաբանական ու արդարացված գնալ մի պետության մայրաքաղաք, որտեղ հայեր են հալածվել ու սպանվել, ինչը սակայն չի ընդունվում ոչ մի կերպ: Որքանով էր տրամաբանական գնալ մի պետության մայրաքաղաք, որի ղեկավարը շաբաթը յոթ անգամ հայերին սպառնում է պատերազմով: Որքանով էր տրամաբանական հանդիպել այդ ղեկավարի հետ: Որքանով էր տրամաբանական գնալ Բաքու, երբ այդ երկրի լրատվական միջավայրը հայտնի է տեղեկատվական “բադիկների” կամ ապատեղեկատվության բազմաթիվ նախադեպերով: Խնդիրն այն է, թե արդյոք ինչ շրջանակում է քննարկվել Կաթողիկոսի Բաքու մեկնելու հարցը, ովքեր են մասնակցել որոշման կայացմանը, ծանրութեթեւ արվել են արդյոք քիչ վերեւում նշված պարագաները, արդյոք դրանց առաջացրած ռիսկայնությունն ավելի նվազ է եղել, քան դրանց պարագայում Բաքու այցելության ակնկալվող արդյունքը: Արդյոք այդ արդյունքը, էֆեկտը, հայկական հոգեւոր եւ նաեւ պետական շահի տեսանկյունից ավելի մեծ չէր լինի, եթե Հայ Առաքելական եկեղեցին հրաժարվեր Բաքու մեկնելուց, մատնանշելով հենց այդ երկրում հակահայ հիստերիայի պետական մակարդակով խրախուսումը: Արդյոք Բաքու մեկնելու որոշման կայացմանը մասնակցություն ունեցել է պաշտոնական Երեւանը, ինչ աստիճանի է եղել այդ մասնակցությունը, եթե եղել է: Հասկանալի է, որ այդ հարցադրումների մի զգալի մասի պատասխանը կմնա անհայտ, ինչը որոշ առումով նաեւ օբյեկտիվ է: Բայց խնդիրն այն է, թե արդյոք Հայ Առաքելական եկեղեցում որոշումների կայացման առումով առկա է այդօրինակ հարցադրումների քննարկման արդյունավետ համակարգ, մեխանիզմ, թե պարզապես կան որոշումներ, որոնք եկեղեցուն թելադրում է պաշտոնական Երեւանը, կան որոշումներ, որոնք միանձնյա ընդունում է Կաթողիկոսը, եւ կան որոշումներ, որոնք ընդունելուց հետո ներկայացվում են պաշտոնական Երեւանի հավանությանը: Դրանք են հարցերը, որ առաջանում են ադրբեջանական ապատեղեկատվության առիթով: Հարցը Հայ Առաքելական եկեղեցու ճկունությունն է, իրավիճակներին նրա համարժեքությունը կամ այդ համարժեքության ապահովման մեխանիզմների առկայությունը: Եվ թերեւս գուցե պարտադիր էլ չէ, որ դրա վերաբերյալ քննարկումները ընթանան ամբողջական բաց ռեժիմով: Կարեւոր է, որ եկեղեցին գոնե ինքն իր մեջ ծավալի այդ քննարկումները, դիտարկի այդ խնդիրները, այդօրինակ կազուսներից անելով համապատասխան եզրակացություններ: Այլապես ադրբեջանական ապատեղեկատվությունը բացարձակապես անկարեւոր է, եւ պարզապես շատ վատ կարծիքի պետք է լինի որեւէ մեկը հայ հասարակության մասին, որպեսզի մտածի, թե ադրբեջանական աղբյուրի այդ տեղեկատվությունը կարող էր դառնալ Հայ Առաքելական եկեղեցու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ հանրային կարծիքի ձեւավորման գործոն: Լավ, թե վատ, բայց այդ կարծիքը ձեւավորվում է ավելի հիմնարար գործոնների ազդեցության շնորհիվ կամ հետեւանքով, ինչը բոլորովին այլ խոսակցության նյութ է: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ Խմբ.կողմից. Բաքվի այդ հավաքն, ի դեպ, ներկայացուցչական չի եղել, որքան էլ փորձ է արվել ներկայացնել: Դրան չեն մասնակցել խոշոր եկեղեցիների առաջնորդներ, միեւնույն ժամանակ, Ալլահշուքյուր Փաշազադեի կարգավիճակն այն չէ, որպեսզի Հայոց կաթողիկոսը նրա հետ նստեր որպես հավասարի:

No comments: