Tuesday, May 25, 2010

ԱՄՆ-ն թանկացնում է վիզաները

Tert.am. 25-5-2010- ԱՄՆ Պետքարտուղարությունը հունիսի 4-ից ավելացնում է մուտքի այցագրի արժեքը. այժմ զբոսաշրջիկները, գործարարներն ու ուսանողները, ովքեր ցանկանում են այցելել Ամերիկա, պետք է մեկ տարով տրվող այցագրի համար վճարեն 140 դոլար՝ ներկայիս 131 դոլարի փոխարեն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ «Պետքարտուղարությունը ավելացնում է արժեքը այցագրերի թողարկման հետ կապված աճող ծախսերը ծածկելու համար։ Արժեքի ավելացումը վերաբերում է ոչ ներգաղթային այցագրերին, որոնք դրվում են անձնագրերում, ինչպես նաև Մեքսիկայի սահմանին տրվող հատուկ քարտերին։ Սակագների փոփոխություններով սահմանվում են տարբեր կատեգորիաների դիմորդների համար այցագրի գնի նոր աստիճանավորում։ Դրանք ուժի մեջ են մտնում հուլիսի 4-ից»,- ասվում է Պետքարտուղարության հաղորդագրությունում։ Պետքարտուղարությունը նշում է, որ այցագրերի թանկացմանը զուգահեռ ներդրվում են փաստաթղթերի ձևակերպման ժամանակի հետ կապված նոր չափանիշներ։ Իսկ, օրինակ, ժամանակավորապես աշխատելու կամ աշխատանքային պրակտիկա անցնելու համար ԱՄՆ մեկնողները ստիպված կլինեն վճարել 150 դոլար։ Նույնը վերաբերում է մարզիկներին, դերասաններին, կրոնական գործունեությամբ զբաղվողներին, մշակութային փոխանակման շրջանակում մեկնողներին, յուրահատուկ ունակություններ ունեցող անձանց, որոնք հրավիրվում են ԱՄՆ։ Հարսնացուի կամ փեսացուի այցագրի արժեքը հասնում է 350 դոլարի, իսկ մեծամասշտաբ առևտրային կամ ներդրումային գործունեության նպատակով ԱՄՆ մեկնողների համար այցագիրը կարժենա 390 դոլար։

No comments: