Tuesday, May 25, 2010

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉՈՒՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՔ

Սակայն խոսում է փոքրամասնություններին լայն ինքնավարություն տալուց «Ազգ» 25-5-2010- «Երբ հայկական ուժերը դուրս գան Ադրբեջանի օկուպացված տարածքներից, մենք երաշխավորում ենք, որ Ղարաբաղին կտանք բարձր ինքնավարություն` միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», նշում են ամենաբարձր մակարդակի ադրբեջանցի պաշտոնյաները: Սակայն պարզվում է, որ հարեւան երկրում նույնիսկ օրենք չկա ազգային փոքրամասնությունների մասին, մինչդեռ Ադրբեջանը, 2000-ին անդամակցելով Եվրոխորհրդին, պարտավոր էր նման օրենք ընդունել: Ինչպես տեղեկացնում է «Ենի մուսաֆաթ» թերթը, Ադրբեջանի թալիշական մշակույթի կենտրոնի Լենքորանի մի խումբ անդամներ բողոքի նամակ են ուղարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, որտեղ բողոքել են ադրբեջանական իշխանություններից, որ վերջիններս չեն հարգում ազգային փոքրամասնությունների իրավունքները: «Անդամակցելով ԵԽ-ինՙ Ադրբեջանը պարտավոր էր մոտ ապագայում ընդունել օրենք ազգային փոքրամասնությունների մասին, սակայն արդեն 10 տարի է անցել, բայց ոչ մի նման օրենք էլ ընդունված չկա», նշված է նամակում: Նամակի հեղինակները նաեւ հայտնել են իրենց «խիստ մտահոգությունը», որ ԵԽԽՎ-ն աչք է փակում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների չկատարման վրա: «Ադրբեջանում թալիշների նկատմամբ ոտնահարվում են ազգային փոքրամասնությունների վերաբերյալ եվրոպական կոնվենցիայի պահանջները: Մինչեւ այժմ մեզ հնարավորություն չի տրվում սեփական լեզվով ռադիոհաղորդումներ հեռարձակելու: Պետությունը ֆինանսական միջոցներ չի հատկացնում թալիշերենով հրապարակվող միակ թերթին, փոխարենը բանտ է նետում թերթի խմբագիր Նորուզալի Մեմմեդովին, որն այնտեղ մահացավ: Մենք պահանջում են Ադրբեջանում թալիշ ժողովրդի իրավունքների կյանքի կոչում», նշված է նամակում: Ավելորդ չենք համարում նշել, որ Ադրբեջանի հյուսիային շրջաններում ապրող դաղստանցիները նույնպես բողոքում են իրենց իրավունքների պարբերաբար խախտումներից: Ադրբեջանի կազմում «մեծ ինքնավարություն ունեցող» Նախիջեւանում վերջերս են փոքրիշատե մարվել Բենանյար գյուղի իրադարձությունները, որոնց մեր թերթն անդրադարձել է մանրամասնորեն, եւ որոնց հետեւանքով էլ Հելսինկյան միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր զեկույցում Նախիջեւանն անվանեց Ադրբեջանի «Սեւ կղզի»: Այնպես որ, խոսելով «լայն ինքավարությունների», ժողովրդավարության, ազգային փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության մասին, լավ կլիներ, որ Բաքուն իր երկրի ներսում նախ ապահովեր այդ ամենը: Հ. ԱՖՅԱՆ

No comments: