7or.am. 24-6-2010- Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) մամլո հաղորդագրություն էր տարածել, որում նշված է, թե մայիսի վերջին Եվրոպայի գաղտնի ծառայություններն իրենց տեղեկություն են հաղորդել, ըստ որի ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև պայմանավորվածություն կա, որ ամռան ամիսներին Արցախի սահմանագծի վրա կազմակերպվելու են միջադեպեր (որոնք համաձայնեցված են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ), որի հետևանքով սկզբում տասնյակ զոհեր են լինելու, այնուհետև կազմակերպվելու է կարճ, մեծածավալ պատերազմ, որում երկու կողմերից զոհերի թիվը կարող է հասնել հազարների. պատերազմն ընդհատվելու է գերտերությունների կողմից, և խաղաղապահ զորքեր են մտցվելու (Ֆիզուլի՝ ԱՄՆ-ի կողմից, Քելբաջար՝ Ռուսաստանի):
«7օր»-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը նշել է, թե գերտերությունների միջև նման դավադիր պայմանավորվածություն չի կարող լինել։
-Նախ, «Եվրոպայի գաղտնի ծառայություններ» հասկացություն չկա, գաղտնի ծառայություններից յուրաքանչյուրը ծառայում է իր երկրին։ Այդպիսի ընդհանուր կազմակերպություն չկա, և փորձելով իր կարծիքը ծանրակշիռ դարձնել՝ ԵՀՄՖ-ի ասածը անլուրջ է թվում։ Իսկ եթե ինչ-որ մի խմած գնդապետ ինչ-որ մի բան պատմած էլ լինի, շատ դժվար է նման դավադրությունների հավատալ, որովհետև եթե պատերազմը սկսվում է այն ծավալով, ինչ-որ նշված է հաղորդագրության մեջ, դրա հետևանքները անկանխատեսելի են լինում. խոսքը ոչ միայն ԼՂՀ-ի, Հայաստանի և Ադրբեջանի մասին է, այլ նաև հարևան պետությունների,-նշել է նա։
Ըստ Լևոն Մելիք-Շահնազարյանի՝ Քարվաճառում ռուսական զորքերի տեղակայումն անիմաստէ։ Նրա խոսքերով, իհարկե, ԱՄՆ-ին շատ ձեռք է տալիս Ֆիզուլիում զորք ունենալը, բայց դրան կխանգարի կտրուկ դեմ արտահայտվող Իրանը։
Ադրբեջանական վերջին դիվերսիոն գործողությունները քաղաքագետը բացատրեց նրանով, որ այդ կերպ Ալիևը փորձում է ճնշում գործադրել միջազգային հանրության վրա։
-Սա Ալիևի սպառնալիքն է՝ ուղղված եվրոպական կառույցներին, Մկնսկի խմբի համանախագահներին, թե ինքն այլևս չի սպասելու և սկսելու է պատերազմ, որի արդյուքնում կտուժեն նաև նրանք, եթե հարցը չլուծեն իր ուզած ձևով։ Չեմ ուզում հանգստացնողի դերում լինել, բայց կարծում եմ, որ սա կմնա սպառնալիքի մակարդակում և պատմության այս ժամանակաշրջանում մեծ պատերազմի չի վերածվի,-ասել է Լևոն Մելիք-Շահնազարյանը։
Thursday, June 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment