Tuesday, May 25, 2010

ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԿԱՐԸ

«Լրագիր» 25-5-2010- Ազատ Հայրենիք կուսակցությունը Ղարաբաղի նոր խորհրդարանում ստացել է մեծամասնություն: 33 տեղանոց խորհրդարանի 17 տեղը բաժին է հասնում համամասնական, 16-ը` մեծամասնական տեղերին: Եթե նայենք առայժմ ոչ վերջնական տվյալներին, ապա ստացվում է հետեւյալը: Համամասնական ցուցակով Ազատ հայրենիքը ստացել է 46,4 տոկոս, այսինքն 8 տեղ: Մեծամասնականով հաղթել է եւս 9 մարդ, որոնք կամ կուսակցության անդամ են, կամ նրանց աջակցել է այդ կուսակցությունը: Այսպիսով, կուսակցությունը կարող է ունենա; 17 տեղ, այսինքն` մեծամասնություն: Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ստացել է 28,6 տոկոս եւ 3-4 մեծամասնականով հաղթածներ, միասին` 9-10 տեղ: ՀՅԴ-ն` 20 տոկոս, 6-7 տեղ: Ազատ հայրենքի կուսակցությունը փաստացի կարող է ստանալ ԱԺ նախագահի պաշտոնը եւ կառավարություն ձեւավորելու իրավունքը: Ինչպես կվարվի այդ կուսակցության նախագահ եւ ներկայիս վարչապետ Արա Հարությունյանը` կմնա՞ իր պաշտոնին, թե՞ կանցնի խոսնակի պաշտոնին: Եւ ինչպե՞ս է դրան վերաբերում նախագահ Բակո Սահակյանը: Առայժմ այս հարցերին պատասխան չկա: Մեծամասնականով, ըստ ԿԸՀ նախնական տվյալի, պատգամավոր են ընտրվել Մարատ Հասրաթյանը, Սերգեյ Ղազարյանը, Անդրանիկ Սարգսյանը, Արամ Գրիգորյանը, Գարիկ Գրիգորյանը, Արսեն Միքայելյանը, Աշոտ Ղուլյանը, Իվան Ավանեսյանը, Ռուդիկ Հյուսնունցը, Զոյա Լազարյանը, Արմեն Սարգսյանը, Արթուր Թովմասյանը, Արպատ Ավանեսյանը, Գագիկ Օհանյանը, Վլադիմիր Կասյանը եւ Կամո Մարտիրոսյանը: Ներկայում ձայների վերահաշվարկ է ընթանում 9-րդ ընտրատարածքում, որտեղ ՀՅԴ վիճարկում է Ազատ Հայրենիքից Ռուդիկ Հյուսնունցի հաղթանակը:

No comments: