Tuesday, May 25, 2010

Հայաստանի ժուռնալիստների միությունը՝ օտարալեզու դպրոցների բացման մասին

Հայաստանի ժուռնալիստների միության վարչությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Առնվազն տարակուսանք ու վրդովմունք է առաջացնում ՀՀ ԿԳ նախարարության առաջարկած' ՀՀ տարածքում օտարալեզու կրթության մասին նախագիծը: Այն հարցականի տակ է դնում անկախ պետականության հիմնասյուներից' մայրենի լեզվի կարգավիճակը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածով: Լեզուն՝ մայրենի լեզուն հայ լրագրողի հիմնական զինամիջոցն է, հանրության հետ առնչվելու միակ հնարավորությունը: Ահա թե ինչու Հայաստանի լրագրողական մայր կազմակերպությանըՙ Ժուռնալիստների միությանը չի կարող չմտահոգել առաջադրված նախագիծը: Անշուշտ, հայ լրագրողները մասնագիտական առումով կարեւորում են լեզուների իմացությունը, տարբեր երկրներում, տարբեր ազգությունների հետ առանց թարգմանչիՙ ազատ, անկաշկանդ առնչվելու հնարավորությունը: Դրանով հանդերձ, մենք համոզված ենք, որ այլ լեզուներ հնարավոր է սովորել եւ պետք է սովորել միմիայն մայրենիին հիմնավորապես տիրապետելուց հետո: «Լեզուն մեր հայրենիքն է»,- ասում էր Վարպետը՝ Ավ. Իսահակյանը, որին կուզեինք հավելել՝ նաև ազգային արժանապատվությունը, հպարտությունը: Հայրենինքն ու լեզուն երկմիասնություն է, եւ մեկի խաթարումը կհանգեցնի մյուսի ոչնչացմանը: Վտանգված է հայերենի ոչ միայն այսօրը, այլեւ ապագան. անշրջահայաց բարեփոխումները, առկա խնդիրների թերի, այսրոպեական լուծումներն ավելի են խորացրել կրթական համակարգի թերացումները: Դրանց լուծման փոխարեն անընդունելի է առաջարկել օտարալեզու կրթական համակարգ: 21-դ դարի ամենավտանգավոր մարտահրավերինՙ համաշխարհայնացմանը, որ սպառնալիք է հատկապես փոքրաթիվ ժողովուրդների համար, մենք պիտի դիմագրավենք նաեւ մեր լեզվով, իսկ մեր ինքնության հիմնական արտահայտչամիջոցինՙ մայրենի լեզվին ամեն հայ մանուկ նախ եւ առաջ տիրապետում է ազգային դպրոցում: Նա, ով ի սկզբանե մայրենի լեզուն չի յուրացնում, այլ լեզուներ չի կարող յուրացնել: Մենք վտանգավոր քաղքենիություն ենք համարում Հայաստանում բազմացող լեզվական թեքումներով դպրոցներն ու այլՙ օտարահունչ հորջորջումներով վարժարանները, որոնք շերտավորում են մտցնում առանց այն էլ շերտավորված մեր իրականությունում: Հայաստանում, ինչպես ցանկացած քաղաքակիրթ երկրում, միայն միՙ ազգային վարժարան պիտի լինի, որի բոլոր սաները, մայրենի լեզվին տիրապետելուն զուգընթաց այլ լեզուներ էլ սովորեն: Մենք ողջունում ենք օտար լեզուների ուսուցումը բարելավելու ցանկացած նախաձեռնություն, բայց ոչ ի հաշիվ պետականորեն հռչակված հայերենի: Հայաստանի ժուռնալիստների միության վարչությունը վճռականորեն դեմ է այդ վտանգավոր նախագծին, առաջարկում է դադարեցնել դրա հետագա շրջանառությունն ու քննարկումը: Մենք մեր նախնիներից ոսկեղենիկ ժառանգություն ենք ստացել: Մենք պարտավոր ենք նույնքան անաղարտ, նույնպիսի սրբությամբ պահպանել, երկյուղածությամբ գալիք սերունդներին փոխանցել այդ ոսկեղենիկ ժառանգությունը»:

No comments: