Tuesday, May 25, 2010

ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

«Լրագիր» 25-5-2010- Երևում է՝ այս մի թիզ քարահողն ու մի բուռ մնացած ազգն էլ հանգիստ չեն տալիս ոմանց: Խնդիր է դրված հայությունը հիմքից վերացնել, ինչը հնարավոր միայն այն կերպ, ինչին ձգտում է ԿԳ նախարարը (պայմանականորեն, քանի որ մեր երկրում պաշտոնները քաղաքական են, ուրեմն՝ նախարարը ներկայացնում է իրեն պաշտոնի նշանակած կուսակցության տեսակետը): Հիշեցնեմ, որ այսպիսի նախագծեր նախկինում են շրջանառության մեջ դրվել, սակայն մերժվել են: Տարբերությունն այն է, որ այս մեկի թիկունքում կանգնած ուժերն ավելի համառ են, բայց քանի որ հայտնի է, թե ինչը կարող է սրանց այդպես նպատակադրել, վստահաբար ասենք՝ այս անգամ առաջարկված շահը կամ փողը հսկայական է: Չնայած դրան՝ համոզված եմ, որ այս մի նախագիծն էլ է փչվելու: Տեսանք, թե ինչ հետևողականությամբ մերձբալթյան փոքրիկ երկրները մաքրվեցին ռուսերենից, իրենցը հաստատեցին և հիմա հանգիստ ու արժանապատվորեն առնչվում են ռուսերենին էլ, դրա ջատագով պետությանն էլ: Մեր պարագայում էլ առաջին հերթին հարկավոր է առաջնորդվել նպատակահարմարությամբ, որը կհանգեցնի արժանապատվության հաստատման: Ազգն ու պետականությունը հաստատ պահելու համար մենք պետք է ոչ թե պաշտպանվենք, այլ նախահարձակ լինենք: Խորհրդային գաղութացման շրջանում ռուսերենը զավթեց մեր կրթահամակարգն ու խորացրեց օտարամոլության արմատը, իսկ հիմա էլ բռնել է մեր կոկորդն ու ոչ միայն բաց չի թողնում, այլև հրավիրում է մյուսներին՝ խեղդամահ անելու գործն ավարտելու: Օտար լեզուներով էլիտարություն քարոզողներին ի հակակշիռ առաջարկում եմ ընդհանրապես վերացնել միևնույն օտար լեզուն բոլոր կրթօջախներում ուսուցանելու ավանդույթը: Տարօրինակ ու վիրավորական չէ՞, որ մենք չինացիների հետ շփվում ենք ռուսերենով կամ անգլերենով՝ ջուր լցնելով Կրեմլի մեծապետական ջրաղացին: Մենք չինարենի մասնագետ չունենք, թեպետ այդ լեզվի տերն իսկապես գերտերություն է: Նոր օրենքում հարկավոր է հստակ սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունը չի խրախուսում համատարած երկլեզվությունը (գործնականում դա հնարավոր է, թեև սկզբնական փուլում որակյալ մասնագետների մեծ պակաս կզգացվի): Այսպիսով՝ բոլորովին էլ պարտադիր չէ, որ բոլոր հայ երեխաներն իմանան ռուսերեն կամ անգլերեն: Ո՞վ է ասել, թե գերմաներեն, ֆրանսերեն կամ իսպաներեն ավելի քիչ գիտական ու գեղարվեստական գրականություն կա, քան ռուսերեն կամ անգլերեն: Մեր երկիրը պետք է լուրջ կապեր ստեղծ Ճապոնիայի, Չինաստանի, Կորեայի պես հզոր տերությունների հետ, բայց դրան խանգարում են քաղաքական ու մշակութային (լեզվական) միջնորդները: Այսպիսով՝ հարկավոր է օրենսդրության մակարդակով այնպես կազմակերպել հայկական կրթահամարակրգը, որ օտար լեզուների ուսուցումն ինքնանպատակ չլինի, այլ ծառայի ազգի զարգացմանը, պետության կայացմանը, մեր գիտամշակութային ներուժի զորացմանը: Տարբերակի կարգով՝ առաջարկում եմ, օրինակ, Սյունիքի մարզի դպրոցներում օտար լեզուներից դասավանդել պարսկերեն և անգլերեն (մնացածը՝ նախասիրական սկզբունքով), Կոտայքի մարզում՝ գերմաներեն ու չինարեն, Լոռում՝ իսպաներեն ու ռուսերեն, Շիրակում՝ թուրքերեն ու պորտուգալերեն, Վայոց ձորում՝ արաբերեն ու անգլերեն և այսպես շարունակ: Դրանով ապագայի համար կստեղծենք մասնագետների մի մեծ բանակ, որը ոչ միայն կլուծի պետության ու կրթագիտական համակարգի կուտակված խնդիրները, այլև լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն կտա (ՉԺՀ դեսպանն, օրինակ, իր հետ անգլերենին տիրապետող մարդ չի բերի Հայաստան, այլ կվարձի չինարեն գիտեցող տեղացի հային): Այս կերպ կփակենք նաև մեր երկրում սեփական շարասյուներ հիմնել ու զարգացնել ցանակցողների ու նրանց աջակիցների ճանապարհը: Եթե Լեզվի օրենքը ենթակա է փոփոխման, ապա դա պետք է արվի միայն հայերենի դիրքերն ավելի ամրացնելու նպատակով: Օտարալեզու պետական կրթօջախ չպետք է լինի, մասնավորներում ևս գերիշխողը պետք է լինի հայերենը, հատկապես՝ հասարակագիտական ու բնագիտական առարկաներն ուսուցանելիս: Ազգային փոքրամասնությունների լեզուներով դպրոցներ բացելը բացառապես նրանց համայնքների խնդիրը պետք է լինի, իսկ մեր պետությունը թող օգնի՝ նյութապես և այլ ձևերով, ինչպես եվրոպական պետություններն են անում: Իսկ ամեն անգամ հեծանիվ հնարում են նրանք, ովքեր այդ երկանիվին էն գլխից նայել են ինչպես հանրահայտ կենդանին՝ հայտնի մարզասարքին: Սուրեն Գեղամյան Արևելագետ

No comments: