News.am. 23-6-2010- Կոշիկը, որ Արենի գյուղի քարանձավներից մեկում գտնվել է դեռ 2008-ի սեպտեմբերին, ավելի քան հինգ հազար հինգ հարյուր տարվա պատմություն ունի. այդ մասին վկայում են իրարից անկախ փորձագիտական ուսումնասիրություններ իրականացրած միանգամից չորս տարբեր գիտահետազոտական կենտրոններ։ NEWS.am-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում այս մասին հայտարարեց կոշիկն անձամբ պեղած Դիանա Զարդարյանը։
Նրա խոսքով, հնամյա կոշիկը թվագրվում է մ.թ.ա. 3600-3500 թվականներին։ «Այն պղնձեքարեդարի բացառիկ նմուշ է, որը սակայն, համապատասխան կոնսերվացման չենթարկվելու դեպքում կարող է ոչնչանալ»,- նկատեց նա։ Հարցին, թե ի՞նչ կերպ է իրեն հաջողվել երկու տարի շարունակ պահպանել հնագույն գտածոն, Դիանա Զարդարյանը տեղեկացրեց, որ դա արել է՝ կոշիկը պահելով սառը եւ չոր տեղում՝ ճիշտ այնպիսի պայմաններում, ինչպիսիք առկա են քարայրներում, սակայն չնայած բոլոր ջանքերին, կոշիկը, միեւնույն է, մի փոքր չորացել է։
«Այժմ նմուշը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Այնպես ստացվեց, որ կոշիկի հետագա պահպանմանն առնչվող աշխատանքերն այսուհետ պետք է իրականացնի հենց նա»,- ասաց Դ. Զարգարյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ մինչեւ կոշիկի՝ Պատմության թանգարանում հայտնվելը դրա պահպանության համար իրենց արշավախումբը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել հնագույն իրերի կոնսերվացմամբ զբաղվող արտասահմանյան աշխարհահռչակ մի ինստիտուտի հետ։ «Այժմ հարցը Պատմության թանգարանի տնօրենի իրավասության տակ է, ով այն մեր հետ չի քննարկում՝ պատճառաբանությամբ, որ պեղված յուրաքանչյուր գտածո պարտադիր կերպով պետք է հանձնվի թանգարանին եւ դրա հետագա ճակատագրով պետք է զբաղվի հենց Պատմության թանգարանը»,- նկատեց Դ. Զարդարյանը՝ հավելելով, որ Հայաստանում կաշվե հնագույնն իրերի կոնսերվացմամբ զբաղվող համապատասխան մասնագետներ չկան եւ ծրագրվում է, որ կոշիկի քայքայումը կանգնեցնելու գործընթացը պետք է իրականացվի արտասահմանում՝ այլազգի մասնագետների կողմից։
Հնագետի հավաստմամբ, ավելի քան 5 հազար տարվա վաղեմություն ունեցող կոշիկը պատրաստված է, ամենայն հավանականությամբ, կովի կաշվի ամբողջական կտորից։ «Աշխարհում հնագույն կոշիկներ շատ կան, եւ թեպետ չենք կարող ասել, որ մերն ամենհինն է, սակայն հաստատ է, որ այն ամբողջական կաշվից պատրաստված միակ հնագույն նմուշն է ողջ աշխարհում։ Եվրոպայում գտնված կոշիկներն, օրինակ, իրենց տեսակով բոլորովին տարբեր են Արենիում հայտնաբերվածից»,- հավաստիացրեց նա։
Դ. Զարդարյանը տեղեկացրեց նաեւ, որ բացի հնագույն կոշիկից, նույն քարանձավից հայտնաբերվել է նաեւ մեծ քանակությամբ գործվածքեղեն։ «Ընդ որում, կտորների նմուշները եւս բավականին լավ վիճակում են պահպանվել, նույնիսկ դրանց գույներն են երեւում»,- նկատեց հնագետը։
Ի պատասխան հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում կոշիկի հեղինակային իրավունքների պաշտանության համար, Դ. Զարդարյանը հավաստիացրեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն իսկ իրականացվում են։ «Հարցն ընթացքի մեջ է, եւ մենք դրանով զբաղվում ենք»,- ամփոփեց նա։
Հիշեցնենք, որ հինգ հազար տարուց ավել պատմություն ունեցող կոշիկը գտնվել էր Եղեգնաձորի մոտակայքում՝ Արենի գյուղի քարանձավերից մեկում։
Thursday, June 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment