«ԱԶԳ», 24-06-2010- «Ազգը» Իրանի հյուսիսի նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին բազմիցս է անդրադարձել: Այս մասին արդեն սկսել են ահազանգել նաեւ մի շարք իրանական լրատվամիջոցներ, իսկ սա ամենեւին էլ պատահական չէ, քանի որ իրանական Արդեբիլ, Արեւելյան Ազերբայջան, Արեւմտյան Ազերբայջան նահանգների նկատմամբ Բաքվի հավակնությունները հովանավորվում են պետականորեն: Մեր թերթը մայիսի 21-ի համարում գրեց, որ ստեղծվել է «Հարավային Ադրբեջանի ազատագրության ազգային ճակատ», որն էլ, ինչպես տեղեկացնում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը, իր առջեւ նպատակ է դրել «պայքարել բնիկ ադրբեջանական տարածքների փրկության համար»: Իրանական կայքը շեշտում է, որ ադրբեջանական ազգային ուժերը «հովանավորվում են Ադրբեջանի քաղաքական կազմակերպություններից». «Պաշտոնական Բաքուն ոչ միայն աղավաղում է պատմական իրողությունները` կապված իրանական Արան եւ Շիրվան տարածքների հետ, այլեւ պաշտոնական եւ ոչ պաշտոնական գրքերի տպագրությամբ ծավալում է հակաիրանական քարոզչություն` ընդդեմ Իրանի տարածքային ամբողջականության», հայտնում է «արաննյուզ.իռ»-ը:
Ամիսներ առաջ` երկրի կառավարության նիստը վարելիս, Իլհամ Ալիեւը կոչով դիմեց միջազգային հանրությանն ու Մինսկի խմբի` «Հայաստանի բարեկամ երկրներին». «Ի՞նչ կանեք դուք, եթե ձեր երկրներում գործող հայկական համայնքները հանկարծ որոշեն ինքնորոշվել», այս հարցադրումը բավական զավեշտալի լինելուց զատ, հետաքրքրական է դառնում հատկապես «Հարավային Ադրբեջանի» համատեքստում. նախ` Ադրբեջանը խախտում է իր այդքան սիրած տարածքային ամբողջականություն սկզբունքը, բացի սրանից` պետականորեն հովանավորում է այլ երկրում ապրող թյուրքախոս (ոչ ադրբեջանցի - Հ. Ա.) համայնքին` ինքնորոշվելու: Ուրեմն, ո՞ր սկզբունքն է ավելի կարեւոր, ըստ Ադրբեջանի` տարածքային ամբողջականությո՞ւնը, թե՞ ինքնորոշման իրավունքը: Ընդ որում` Բաքվի տարածքային ամբողջականության վերաբերյալ պնդումները` Ղարաբաղի հարցում, միանշանակ չեն, այնպես, ինչպես նրա հիմնավորումները` Իրանի թյուրքախոս ազգերին` ինքնորոշման դրդելուն ուղղված:
Իրանական կայքը, շարունակելով, տեղեկացրել է նաեւ ադրբեջանական դասագրքերի պատմությունը: Հիշեցնենք, մենք արդեն տեղեկացրել ենք, որ ըստ ռուսական պետական «Կրեմլ.օրգ» կայքի` Ադրբեջանի դպրոցներում ներկայացվող պատմությունը խայտառակ խեղաթյուրված է: Այսպես` «արաննյուզ.իռ»-ը գրում է. «Ըստ տեղեկությունների` Ադրբեջանի դպրոցական դասագրքերում Իրանի հյուսիսային 9 նահանգները ներկայացվում են որպես Ադրբեջանի տարածքներ: Դասագրքերում նշված է, որ 500 տարի առաջ Ադրբեջան անունով երկիր է եղել` Թավրիզն ու Արդեբիլն էլ այդ երկրի մասն են կազմել, իբր իրանցիները Կյուրոս Մեծի օրոք միայն գրավել են այդ տարածքները: Ադրբեջանական դասագրքերի մշակութային բաժնում իրանցի գրողներ Խաղանին եւ Նիզամի Գյանջիեւը ներկայացված են որպես ադրբեջանցիներ: Իսկ իրականությունն այն է, որ մեկ դար առաջ Արաքսի հյուսիսային հատվածում, որտեղ այժմ Ադրբեջանի Հանրապետությունն է, այդպիսի անունով երկիր չի եղել, իսկ «Ազերբայջան» անունը վերցված է Իրանի համանուն նահանգի անունից»:
Ռուսաստանի պաշտոնական արձագանքին, որ Ադրբեջանում պատմությունը կեղծված է, միացավ նաեւ Իրանը, ճիշտ է, դեռ ոչ պաշտոնական մակարդակով: Մնում է միայն տեսնել, թե ի՞նչ զարմանք պետք է ապրի ադրբեջանցի երեխան, որը, մեծանալով, այլ երկիր մեկնելով, հանկարծ կծանոթանա իր երկրի իրական պատմությանը:
Հ. ԱՖՅԱՆ
Thursday, June 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment