«ԱԶԳ», 24-06-2010- Բաքուն կհրաժարվի ռազմական ռետորիկայից միայն, եթե «ապաօկուպացվեն ադրբեջանական հողերը»: Երեկ, ըստ «Թրենդ» գործակալության, այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը իր ավստրիացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում:
Երկար ժամանակ լռությունը նախընտրող Մամեդյարովը ասուլիսում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, բավականին բազմախոս է եղել: Մասնավորապես, Մամեդյարովը նշել է, թե հավատում է, որ «եթե Հայաստանն առանց հիստերիկ ռետորիկայի վերաբերվի գործընթացին եւ հարցին մոտենա ողջ լրջությամբ, հակամարտությունը կարելի է կարգավորել»:
Այս պարագայում են ասել, թե ով հիստերիայի մեջ լինի, ում` մեղադրեն: Ամեն դեպքում, հիստերիկ ռետորիկան ու «բոցաշունչ» դատարկախոսությունը հատուկ են հենց ադրբեջանական կողմին, որն ամեն առիթ օգտագործում է` մաշվելու աստիճան պտտեցնելու ձայնապնակը «միլիոնավոր փախստականների եւ երկրի տարածքի տասնյակ տոկոսներով օկուպացիայի» մասին:
Բնականաբար, Ավստրիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսը զերծ չի մնացել նույն ձայնապնակը պտտելուց: Այս պարագայում հայտարարությունների ստանդարտ փաթեթին ավելացվել են մի քանի նոր արտահայտություններ: Մասնավորապես, Մամեդյարովը Բաքվում նշել է, թե պետերբուրգյան հանդիպմանը «Հայաստանը ոչ «այո», ոչ «ոչ» չի ասել մադրիդյան նորացված սկզբունքներին, եւ դա լրացուցիչ դժվարություններ է ստեղծում հակամարտության խաղաղ բանակցությունների շարունակման համար»: Այս հարցում էլ Մամեդյարովն առավել քան անտրամաբանական է խոսել, քանի որ Պետերբուրգից թերեւս «նեղացած» հեռացել է, ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի՛ նախագահը:
Մամեդյարովը նաեւ հայտարարել է, թե «Հայաստանը, մի կողմից, պատրաստակամություն է արտահայտում աշխատելու մադրիդյան սկզբունքների վրա, մյուս կողմից չի համաձայնում նորացված փաստաթղթի որոշ դրույթների»:
Ադրբեջանի ԱԳ նախարարը, ամենայն հավանականությամբ, հրապարակայնորեն խոսելու հարցում մեծ ընդմիջումից հետո դժվարանում է տրամաբանված խոսել, քանի որ այս արտահայտությունն առավելապես վերաբերում է հենց Ադրբեջանին, որը բազմիցս հայտարարել է, թե ընդունում է մադրիդյան փաստաթուղթը` «որոշակի հարցերի անհամաձայնությամբ»:
Իսկ որ Բաքուն ճիշտ այնպես, ինչպես երեկվա ադրբեջանա-ավստրիական ասուլիսում ասել է Մամեդյարովը, հունիսի 18-19-ի գիշերը Մարտակերտի շրջանում տեղի ունեցածից անմիջապես հետո հայտնի թռչունի նման անընդհատ ու միաբերան կրկնում է, թե ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, հարկ է, որ մեծապես եւ լրջորեն մտահոգեր ղարաբաղյան հարցում դրական դերակատարություն ունենալու հավակնություն ունեցողներին` սկսած Մինսկի խմբից, մինչեւ տարածաշրջանի կայունության հովերով աշխարհին ներկայացող պետությունները:
Մամեդյարովն այս հարցում քիչ ավելի հեռուն է գնացել: Նրա խոսքերով, «քանի դեռ ադրբեջանական տարածքները մնում են օկուպացված եւ օդում կախված է «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակը, այսպիսի տհաճ իրադարձություններն, իհարկե, կկրկնվեն»: Եվ այսպիսի արտահայտությունն էլ, դժվար չէ կռահել, որ կմնա անարձագանք` Բաքվին սեփական «ճշմարտացիության» մեջ համոզվելու հնարավորություն դառնալով:
Եվ այս ֆոնին անիմաստ ու ժամանակավրեպ է հնչում հերթական տեղեկացումը, թե ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Այդուամենայնիվ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն, այսօր` հունիսի 24-ին ծրագրվում է դիտարկում անցկացնել հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում հենց Մարտակերտի մերձակայքում, որտեղ հունիսի 18-19-ի գիշերը տեղի էր ունեցել ադրբեջանական հարձակումը:
Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներ Անտալ Հերդիչն ու Ժասլան Նուրտազինը: Ադրբեջանական կողմիցՙ Անջեյ Կասպրշիկը, նրա օգնականներ Իմեր Պալատինուսն ու Ուիլյամ Փրայորը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Thursday, June 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment