Friday, June 25, 2010

Ադրբեջանի Հանրապետության “ANS” հեռուստաալիքն իրականացնում է հակաիրանական քարոզչություն

Panorama.am. 25-6-2010- Ադրբեջանի Հանրապետության «ANS» հեռուստաընկերությունը վերջին շրջանում իր գործունեությամբ միջամտում է Իրանի ներքին գործերին, կեղծ տեղեկություններ տարածելով` տարբեր էթնիկ խմբավորումների շրջանում հակասություններ և անկայունություն է առաջացնում: Այդ մասին հայտնում է իրանական «աթինյուզ.քոմ» կայքը: Կայքի հաղորդմամբ`վերջերս Ադրբեջանի Հանրապետության մի շարք հեռուստաալիքներ հեռարձակել են միանգամայն դատապարտելի հաղորդումներ, որը Իրանի հյուսիսային նահանգներում (Արևմտյան Ազերբայջան, Արևելյան Ազերբայջան) ապրող էթնիկ խմբավորումների շրջանում անհանգստությունների պատճառ է հանդիսացել, ավելին` հակաիրանական քարոզչության գործընթացը գնալով մեծանում է: Ըստ հաղորդագրության` Ադրբեջանի որոշ հեռուստաալիքներ դադարեցրել են իրանական սերիալների հեռարձակումը, որի փոխարեն հեռարձակում են անբարո ֆիլմեր, որոնք էլ սահմանակից Արևելյան Ազերբայջան նահանգի մի շարք քաղաքներում հնարավոր է սովորական անտենաների միջոցով դիտել: Հիշեցնենք, որ վերջերս իրանցի քաղաքական փորձագետ Սաադօլլահ Զարեին, իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, նշել էր. «Ամեն օր կարելի է ականատես լինել Բաքվի պետական պաշտոնյաների կողմից ղեկավարվող ադրբեջանական լրատվամիջոցներով թողարկվող շատ խիստ հակաիրանական հրապարակումների»:

No comments: