Friday, June 25, 2010

Փորձագետ. Պետությունը զավթված է կոռուպցիոներների կողմից

News.am. 25-6-2010- Հայաստանում կոռուպցիան վաղուց հասել է գերադրական աստիճանի։ Այս մասին հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյումրիի «Ասպարեզ ակումբի», Շիրակի մարզի «Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի» ղեկավար Լեւոն Բարսեղյանը։ Նա գիտական ձեւակերպում տվեց կոռուպցիային. «Կոռուպցիայի գերադրական աստիճանը շատ հստակ ձեւակերպում ունի՝ պետության զավթման մակարդակի կոռուպցիա։ Կենցաղային օրինակով դա նշանակում է հետեւյալը. դուք նստում եք երթուղային տաքսի, որը գիտեք, թե ուր է գնում, վճարում եք, սակայն այդ տաքսին ձեզ ուրիշ տեղ է տանում։ Դուք ներսում կռիվ եք անում վարորդի հետ, սակայն նա ձեզ տանում է այնտեղ կամ ձեզ իջեցնում է այնտեղ, որտեղ ինքն է հարմար գտնում»: Լեւոն Բարսեղյանի խոսքով՝պետությունը պետք է ստեղծված լիներ մարդու բարեկեցությունն ապահովելու համար, սակայն այն իրականում այլ առաքելություն է իրականացնում, քանի որ զավթված է, ինչպես որ համակարգիչն է զավթվում լուրջ վիրուսի կողմից։ «Այդ պետություն կոչված սարքը զավթված է հիմնովին։ Դուք փորձում եք այդ մեքենայով գործ անել, սակայն նա թույլ չի տալիս ձեզ աշխատել։ Բոլոր փաստերը, որոնք հավաքված են մեր կենտրոնի կողմից, ապացուցում են այս թեզը»: Նշենք, որ USAID-ի աջակցությամբ գործող Երեւան քաղաքի, Շիրակի եւ Լոռու մարզերի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնները, որոնց նպատակն է աջակցել հանրության մասնակցությանը կոռուպցիայի դեմ պայքարում եւ նպաստել հակակառուպցիոն համակարգային բարեփոխումներին, հիմնադրման օրվանից՝ 2008 թվականի հոկտեմբերի 8-ից մինչեւ հունիսի 1-ը, ստացել են ավելի քան 1300 դիմում, որից 360-ը կոռուպցիոն բնույթի։ Միայն 2010 թ. առաջին 5 ամիսների ընթացքում նշված կենտրոնները ստացել են ավելի քան 500 դիմում, որոնցից 80-ը ընդունվել են որպես կոռուպցիոն գործեր։ Հավելենք, որ հիշատակված կենտրոնները գործարկվում են համապատասխանաբար «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, Լրագրողների «Ասպարեզ» ակումբ եւ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունների կողմից:

No comments: