Thursday, June 10, 2010

Իլհամ Ալիեւ. «Մամուլի հետ իմ չհանդիպելու պատճառը ժամանակի սղությունն ու առիթի բացակայությունն է

Panorama.am. 10-6-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայում ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Ադրբեջանում լրագրողների հետ չհանդիպելու պատճառը ժամանակի սղությունն ու առիթի բացակայությունն է»: «Ազադլըգ»-ի հետ զրույցում «Գյունդալիք Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Շահվալադ Չոբանօղլուն ասել է, որ Ի.Ալիեւի այդ հայտարարությունը հաստատում է, որ Ադրբեջանի ղեկավարը խուսափում է հանդիպել լրագրողներին եւ պատասխանել նրանց հարցերին: «Խնդիրը նրանում է, որ Ադրբեջանի ղեկավարը մոռանում է, որ դրանով ոտնահարվում է տեղեկատվություն ստանալու Ադրբեջանի ժողովրդի հիմնարար իրավունքը: Մամուլը երկրում կառավարողների առաջ կոշտ հարցեր դնելու եւ դրանց պատասխան ստանալու համար է»,- ասել է նա: Շ.Չոբանօղլուի կարծիքով, երկրի ղեկավարի պատճառաբանությունն անընդունելի է: «Ժամանակի սղության եւ առիթի բացակայության մասին պատճառաբանությունները խոսում են այն մասին, որ գործը ճիշտ չի կազմակերպվում: Ադրբեջանի նախագահը մեծ պետական ապարատ եւ հզոր չինովնիկական ցանց ունի, եւ ոչ մի խնդիր չկա մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքը ոտնահարելու համար: Ադրբեջանում խոսքի ազատությունը ընկալվում է միայն որպես լրագրողների մասնագիտական գործունեություն: Նման մոտեցումը հարիր է ավտորիտար իշխանություններին: Պետք է հասկանալ, որ հարցեր դնելն ու պատասխան ստանալը յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքն է: Մեր հարցերին պատասխանելով` նախագահն ապահովում է տեղեկատվություն ստանալու մարդկանց իրավունքը»,- ասել է «Գյունդալիք Ազերբայջան»-ի գլխավոր խմբագիրը: Նա կարծում է, որ Ի.Ալիեւի այդ խոստովանությունը Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակման եւ այդ ազատության նկատմամբ իշխանության վերաբերմունքի վառ ապացույցն է. «Նախագահը մշտապես պետք է հաշվետու լինի հասարակությանը: Իսկ դա չի կարող սահմանափակվել միայն ելույթներով: Պետք է պատասխանել նաեւ տրվող հարցերին»,- ասել է Շ.Չոբանօղլուն:

No comments: