Saturday, June 26, 2010

ՀԱՅԻ ԻՍԿԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ

Գերմանիա կատարած իր այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, հանդիպում էր ունեցել նաեւ տեղի հայկական համայնքի հետ: Հանդիպման ժամանակ նա մասնավորապես անդրադարձել էր այսօրվա այն մտահոգիչ իրողությանը, որ “…և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում պետական մակարդակի է հասել հայատյացության կառուցումը, և ընդ որում ոչ միայն Հայաստանի հետ հարաբերություններում, այլ ընդհանրապես հայերի հետ հարաբերություններում…”: Ըստ նրա, հակահայկականության այդ հզոր ալիքին հակազդելը ողջ հայության, մասնավորապես, Եվրոպայի հայության առջև ծառացած կարևորագույն մարտահրավերներից մեկն է: “Սկզբում ոչ մի հայ, բնականաբար, լուրջ չէր վերաբերվում այս ամենին, վստահ լինելով, որ ստի ոտքերը կարճ են, բայց այդ սուտն այսօր հասնում է ահագնացող չափերի և ֆինանսավորվում է միլիոնավոր դոլաներով: Այս հակահայկական և հակամարդկային այլանդակություններին հակազդելը, արժանի հակահարված հասցնելը ժամանակակից հայության և մասնավորապես եվրոպահայության կարևոր մարտահրավերներից է”, ասել էր Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, Եվրոպայում և հատկապես Գերմանիայում “մեր խնդիրն է ամրապնդել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և պարզապես հայ մարդու մասին իրական պատկերացումները”: Հասկանալի է, որ այս մտքերը արդիական են եւ ունիվերսալ: Այս խոսքերը կարելի է եւ պետք է կրկնել ցանկացած հայկական համայնքի հետ հանդիպելու ժամանակ: Հասկանալի է նաեւ, որ ցանկացած պետություն, եթե չունի մեծաքանակ կամ էլ խիստ հազվագյուտ բնական պաշարներ, ճանաչվում է, նախեւառաջ, քաղաքացիներով, իր մարդկանցով: Այնպես որ, ըստ մեզ, խնդիրների խնդիրն է օտարների մոտ ամրապնդել “հայ մարդու մասին իրական պատկերացումները”: Ի՞նչ ունենք մենք մեր զինանոցում այդ կարեւորագույն ռազմավարական խնդրի լուծման համար: Եթե գալիս ենք անցյալից (անպատճառ` միայն ու միայն հերոսական), ապա եվրոպացուն մի քիչ դժվար է հասկացնել, որ մեր` հայության հերոսական ջանքերի շնորհիվ է, որ բնօրրան երկրի երբեմնի 300 հազարանոց տարածքը դարձել է այսօր 30 հազար: Օրինակ, եվրոպացին կարող է գնահատել Վարդանանք մոնումենտալ կտավի գեղարվեստական արժանիքները, բայց կմնա խիստ տարակուսած, երբ նրան բացատրենք, որ այս գործը գեղարվեստական արտացոլումն է մեր պատմության ընթացքում տարած մեր ամենակարեւոր, բայց… բարոյական հաղթանակի: Մեր ասեղնագործ խաչքարերով էլ կհիանա, եւ չի հասկանա, թե ինչպես մենք հանդուրժեցինք, որ մեր կողքի հետ, մեր քթի տակ անհետ վերացվեցին հազարավոր ու հազարավոր նման գլուխգործոցներ: Իսկ առավել կցնցվի, երբ իմանա, որ նույն թվականներին, նույն օրերին, երբ Նախիջեւանում թուրքերը փշրում էին հայկական Ջուղայի գերեզմանոցի խաչքարերը, բուն Հայաստանում նույնպես գողացվում, թալանվում ու ավերվում էին հայերի գերեզմաններ: Բայց… հայերի կողմից, հայերի ձեռքով: Այ, հենց այստեղ է, որ խաղի մեջ պետք է մտնի համապատասխան երկրի հայ սփուռքը եւ հասկացնի տեղացիներին, որ դա չէ հայի իսկական կերպարը, այլ… Օրինակ, երբ Մոսկվայում մի բարձաստիճան հայ պաշտոնյա փորձ է անում իր հետ տուն բերել հյուրանոցի սրբիչն ու խալաթը, իսկ մյուսն էլ փիս ծեծ է ուտում կազինոյում կրված “թավանը” ժամանակին “չթափելու” համար, Մոսկվայի հայերը, իսկ ավելի ճիշտ կլինի, ողջ ռուսահայությունը ռուսներին պետք է սկսեն հասկացնել, որ սա չէ հայի իսկական կերպարը, այլ… Հայաստանի փոխնախարարներից մեկը ԱՄՆ-ում բռնվել էր սուպերմարկեթից փողկապ գողանալու գործի վրա, մի հայտնի գրող էլ չարաշահել էր իրեն հյուրընկալած ամերիկահայ բանաստեղծուհու վստահությունը, հանել նրա բանկային քարտի վրա գտնվող ամբողջ գումարը եւ թռել-գնացել, բարեհաջող վայրէջք կատարելով Մայր Հայրենիքում: Իսկ հանրաճանաչ մի գիտնական էլ այնքան հարազատ էր իրեն զգացել հյուրընկալող ամերիկահայ ընտանիքում, որ քեֆը լավացրել էր ու սկսել չափից դուրս ջերմ “եղբայրաբար ու հայրաբար” փաղաքշել տանտիրուհուն ու աղջկան, ինչի արդյունքում էլ պարզապեզ դուրս էր շպրտվել այդ տանից: Ամերիկահայ համայնքը պետք է համոզի նախ ինքն իրեն, եւ հետո մյուս բոլոր ամերիկացիներին, որ դա չէ հայի իսկական կերպարը, այլ… Հետխորհրդային հանրապետություններից հյուրախաղերի մեկնող մարմնավաճառների բազմազգ ընտանիքում մերոնք` կանայք հայոց աշխարհի, ունեն իրենց խիստ ուրույն եւ կայուն ամրագրված տեղը: Գործը հասել է նրան, որ հայ մարմնավաճառների խնդիրը արծարծվում է նույնիսկ Թուրքիայի խորհրդարանում: Պոլսահայերն, անշուշտ, պետք է հասկացնեն թուրքերին, որ դա չէ հայի իսկական կերպարը, այլ… Այս ամբողջը հասկանալի է, եւ “ըլնող” բան է: Բայց երբ այդ նույն օտարները այստեղ, բուն Հայաստանում, ամեն օր շփվում են դրսում բացարձակ անճարակ, իսկ ներսում սեփական ժողովրդին փաստորեն տոտալ պատերազմ հայտարարած իշխանությունների հետ, անսկզբունքային եւ սեփական ժողովրդին ընդամենը օգտագործել ցանկացող ընդդիմություն կոչվող խմբավորման հետ, ընտրակեղծիքներին նպաստող ու ընդամենը ձայները վաճառելու պահին սպասող ընտրազանգված կոչվածի հետ, ապա ում բերենք, որ օտարներին բացատրի ու հասկացնի, որ դա չէ հայի իսկական կերպարը, այլ… Այս ամենն էլ հենց կազմում է այն, ինչը երկրի նախագահը սահմանել էր իր վերը նշված ելույթում որպես “հակամարդկային այլանդակություն” եւ դրանց` կրկին նախագահի խոսքերով ասած, հակազդելը, արժանի հակահարված հասցնելը, իրոք որ ժամանակակից հայության կարեւորագույն մարտահրավերներից է: Բայց, այս ամենն արդեն ինչքան ժամանակ է, որ կա, եւ անձեռնմխելի է: Սեփական իշխունությանը նույնիսկ չնչին սպառնալիքի դեպքում էլ իրականացվում են օրացույցի բոլորիս լավ հայտնի արյունոտ օրերը: Կա միայն մեկ ելք. կազմաքանդել եւ ապա “ուտիլիզացման” ենթարկել մեր ներկայիս համակարգը եւ այդժամ այլեւս առանց մեր կողմից շատ մեծ ջանքերի աշխարհն ինքը կտեսնի եւ կհամոզվի, որ դա չէր հայի իսկական կերպարը, այլ… Արտավազդ Բասենցյան

No comments: