Saturday, June 26, 2010

«Ազատություն» ռ/կ-ն ներկայացրել է Սեմնեբիի ուղիղ խոսքը

Panorama.am. 26-6-2010- «Ազատություն» ռադիոկայանը ցավ է հայտնում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիթեր Սեմնեբիի հարցազրույցի շուրջ առաջացած որոշ տարընթերցումների կապակցությամբ ու ներկայացնում խնդրո առարկա պարբերությունը լրացված տարբերակով: Մասնավորապես, լրագրողի խնդրանքին մեկնաբանել հունիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գնահատականը, Սեմնեբին ուղղված տարբերակի համաձայն, ասել է այսպես. «Ես, ճիշտն ասած, չեմ ցանկանում մեկնաբանել արտգործնախարարի ասածը: Ընդհանրապես, ես կասեի, որ բառերի զգույշ ընտրությունը ակնհայտորեն օգտակար կլինի բանակցությունների համար պայմաններ ստեղծելու առումով»: Հիշեցնենք` նախկին տարբերակում «Ազատություն»-ն այսպես էր ներկայացրել Սեմնեբիի մեկնաբանությունը. «Էդվարդ Նալբանդյանի գնահատականի վերաբերյալ եվրոպացի պաշտոնյան ասաց, թե «բառերի ուշադիր ընտրությունը ակնհայտորեն օգտակար կլինի բանակցությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու առումով»»: Նշենք, որ Փիթեր Սեմնեբին «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Մարտակերտի շրջանում ադրբեջանական հարձակումտ «ցավալի միջադեպ» է որակել ու ասել, որ միջադեպը վկայում է, որ շփման գոտում «իրավիճակը լարված է և հեշտությամբ կարող է դուրս գալ վերահսկողությունից»: Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «սադրանք» էր որակել շփման գծում կատարվածը և ասել էր. «Բարձր մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից առաջ, Բաքուն փորձում էր սադրիչ հայտարարությունների, պատերազմի սպառնալիքների միջոցով տապալել բանակցությունները: Ամենայն հավանականությամբ, տեսնելով, որ դա իրենց չի հաջողվում` ադրբեջանցիներն այս անգամ, հունիսի 17-ի եռակողմ բարձր մակարդակի հանդիպումից անմիջապես հետո գնացին ավելի հեռու` ակնհայտ սադրանքի»։

No comments: