«Լրագիր» 23-6-2010- “Այս խոշոր ծրագրերի աջակիցներ ու հովանավորներ փնտրելիս մենք վերցրել ենք խիստ լայն սպեկտր` Վաշինգտոնից մինչև Մոսկվա, Բրյուսելից մինչև Պեկին ու Տոկիո”: Այդ արտահայտությունը հատված է հունիսի 23-ին գերմանական այցի շրջանակում Կոնրադ Ադենաուերի անվան ակադեմիայում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթից: Խոշոր ծրագրեր ասելով նա նկատի ունի Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման, Վրաստանից-Իրան ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաեւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մտադրությունները:
Հետաքրքրականն այստեղ այն է, որ Սերժ Սարգսյանը գործածում է “աջակից” եւ “հովանավոր” հասկացությունները: Իսկ ինչու ոչ “գործընկեր” հասկացությունը: Ինչու Հայաստանը ոչ թե գործընկեր է որոնում Վաշինգտոնից մինչեւ Մոսկվա, Բրյուսելից մինչեւ Պեկին եւ Տոկիո, այլ որոնում է աջակից եւ հովանավոր, ինչը նույնն է, թե իր մտադրություններին տեր է որոնում: Այստեղ խնդիրը թերեւս հոգեբանական է եւ առնչվում է “տեր ու ծառայի” աշխարհընկալմանը: Կամ տեր պետք է լինես, կամ ծառա: Ըստ ամենայնի, այդպիսին է աշխարհի կարգի մասին պատկերացումը Հայաստանի իշխանության մոտ: Դրա համար էլ իշխանությունն իր ծրագրերին ոչ թե գործընկեր է փնտրում, այլ հովանավոր, տեր:
Դրա համար էլ ներքին կյանքն էլ իշխանությունը կառուցում է տիրոջ եւ ծառայի տրամաբանությամբ, իրեն համարելով տեր, իսկ քաղաքացիներին, հասարակությանը, ոչ թե գործընկեր, այլ ծառա: Իսկ ով չի ցանկանում տեղավորվել տերն ու ծառայի այդ տրամաբանության մեջ, նա հայտնվում է հասարակական կարգը խանգարողների ցանկում: Ու այդ տրամաբանությամբ էլ, իշխանությանը թվում է, որ եթե հանկարծ արտաքին աշխարհում էլ ինքը փորձի հանկարծ գործընկերային հավակնություն ցուցաբերել, ինքը կհայտարարվի աշխարհակարգը խախտող եւ կարող է արժանանալ նույն այն ճակատագրին, որին ինքն է արժանացնում Հայաստանում հասարակական կարգը “խախտողներին”:
Մինչդեռ աշխարհի կարգը թերեւս շատ հեռու է տերն ու ծառայի տրամաբանությունից: Աշխարհում բոլորն են տեր եւ բոլորը ծառա` տեր են իրենց շահին, ու ծառա են իրենց քաղաքացուն: Դա է աշխարհի կարգը: Եվ հաջողում են այդ կարգի պետությունները, որոնք, օրինակ, ասենք հայտարարում են ոչ թե իրենց ինչ որ մտադրության աջակից կամ հովանավոր գտնելու մասին, այլ ասում են, որ իրենք ունեն այս մտադրությունն ու տեր են դրան, իսկ ով ցանկանում է ընկեր լինել, թող գա ու միանա:
Բայց խնդիրն այն է, որ տեր լինելուց առաջ պետք է նախ ծառա լինել, ծառա սեփական երկրում, սեփական քաղաքացուն: Այլապես, եթե քո երկրում ծառա չես քո ժողովրդին, դրսում չեն հավատա, որ տեր ես քո մտադրություններին: Ոորվհետեւ մեծ հաշվով, աշխարհում գնահատվում են եւ հաշվի առնվում այն մտադրությունները, որոնց տերն այն իշխանությունն է, որին տեր են քաղաքացիները:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Thursday, June 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment