Monday, June 28, 2010

Նալբանդյանը մեկնաբանել է համանախագահող երկրների հայտարարությունը

Tert.am. 28-6-2010- ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Հայլուր» լրատվական ծրագրի խնդրանքով մեկնաբանել է Կանադայում տեղի ունեցող Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունը: «Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների ցանկությունը և հետևողական ջանքերը աջակցելու հակամարտության կողմերին` մոտեցնելու դիրքորոշումները և առաջ ընթանալու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Կարևոր է, որ Կանադայում Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում արված հայտարարությունը, հղում կատարելով 2009 թ. հուլիսի 10-ի Լ'Աքվիլայի հայտարարությանը կից մադրիդյան դրույթներին, կրկին վերահաստատում է այն սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս հայտարարել էր` որպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներ: Դրանք են. Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, ինչը նշանակում է` ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչում, անխափան ցամաքային կապ պետք է լինի Հայաստանի և Արցախի միջև և պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ: Հայտարարության մեջ հիշատակված մադրիդյան առաջարկությունների տարրերը ևս մեկ անգամ հիշեցնում են Լ'Աքվիլայի հայտարարությանը կից մադրիդյան փաստաթղթի հրապարակված դրույթները: Իսկ Հայաստանը ավելի քան երկու տարի առաջ հայտարարել էր, որ ընդունում է, ճանաչում է մադրիդյան փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք: Համանախագահ երկրների ղեկավարները փաստում են, որ 2007 թ. մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող բանակցություններում կարևոր քայլ, ևս մեկ հանգրվան է գրանցվել, հատկապես ուղիղ 10 օր առաջ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպմանը, որտեղ կողմերը արձանագրեցին այն, ինչին հասել են առ այսօր հանդիպումների արդյունքում և պայմանավորվեցին շարունակել բանակցությունները հենց դրա հիման վրա: Գալիք օրերը ցույց կտան, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է շարժվել այդ ուղիով, թե շարունակելու է իր ռազմատենչ կեցվածքը` փորձելով ձախողել խաղաղ գործընթացը նոր սադրիչ և ապակառուցողական քայլերով»,- ասել է արտգործնախարարը:

No comments: