Tert.am. 25-6-2010- Գոյություն չունի որպես այդպիսին` կարգավորման առաջարկների նորացված տարբերակ։ Այս մասին «Ժամանակ» օրաթերթի հետ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը՝ պատասխանելով հարցին, թե ընդունո՞ւմ է Հայաստանը Մադրիդյան նորացված առաջարկները, թե ոչ։ Նա հավելել է, որ համանախագահները մշտապես աշխատում են. «Որոշ տարրեր ընդունելի են, որոշները՝ ոչ, և հենց սրա շուրջ են այժմ աշխատանքներ տարվում, և պետք է գտնել փոխընդունելի տարբերակ։ Ասել՝ ընդունելի՞ են, թե՞ ոչ, շատ պարզ հարցադրում է, մինչդեռ իրականում խնդիրը շատ ավելի բարդ է»։
Պոպովը նշել է, որ գոյություն ունի կարգավորման սկզբունքների որոշակի խումբ, բայց ընդհանուր հասկացություն չկա սրա շարունակականության և այս սկզբունքների իրականացման ալգորիթմի շուրջ, այդ իսկ պատճառով գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, որը կայանում է հենց նրանում, որպեսզի ներկայացվեն որոշակի տարբերակներ։
«Իհարկե, առկա են տարբերակներ, որոնց շուրջ հայկական կողմը համաձայն չէ ադրբեջանական կողմի հետ, կան նաև տարբերակներ, որոնց դեպքում էլ հակառակ իրավիճակն է։ Անշուշտ, գոյություն ունեն դրույթներ, որոնց համաձայն է և՛ այս,, և՛ այն կողմը։ Մեր խնդիրն է՝ մաքսիմալ մոտեցնել դիրքորոշումները, որպեսզի հասնենք փաստաթղթի ստորագրմանը։ Որքա՞ն երկար կտևի այս գործընթացը՝ չեմ կարող ասել»,- ասել է ռուս համանախագահը։
Անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղաադրբեջանական շփման գծում անհանգիստ իրավիճակին՝ Իգոր Պոպովը կարծիք է հայտնել, որ այժմ անթույլատրելի է խոսել պատերազմական գործողությունների մասին և պետք է ամեն ինչ անել հետագա էսկալացիան կանխելու համար։
Friday, June 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment