«Ազատություն» 25-6-2010- Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողները երկրի իշխանություններին կոչ են անում վերանայել լրատվամիջոցների մասին օրենսդրությունը:
ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, համազեկուցող Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն, ով օրերս դադարեցրեց Հայաստանի հարցով համազեկուցողի իր լիազորությունները, իրենց մտահոգությունն են հայտնել հեռարձակմանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների առնչությամբ:
Համազեկուցողները նշել են, որ բազմաթիվ հեղինակավոր կազմակերպություններ քննադատել են այդ օրենքը` կարծիք հայտնելով, որ այն սահմանափակում է բազմակարծությունը հայաստանյան լրատվամիջոցներում: Այս կապակցությամբ Պրեսկոտը եւ Կոլոմբիեն ընդգծել են, որ Վեհաժողովը իր մի շարք բանաձեւերում ամրագրել է, որ Հայաստանում զանգվածային լրատվության ոլորտի իրավական կարգավորման բարեփոխումները պետք է ոչ միայն ապահովեն լիցենզավորման կատարյալ թափանցիկ գործընթաց, այլեւ նպաստեն հայաստանյան լրատվամիջոցներում բազմակարծության ավելի մեծ միջավայրի ապահովմանը, քան ներկայումս է:
Նրանք ողջունել են մի շարք նախաձեռնություններ, որոնք ուրվագծված են բարեփոխումների հստակ ճանապարհային քարտեզ մշակելու առաջարկով իրենց նամակին Հայաստանի խորհրդարանի խոսնակի պատասխանում:
Նշելով, որ այս փուլում չեն կարող մանրամասն գնահատականներ տալ Հովիկ Աբրահամյանի նամակում թվարկված նախաձեռնությունների վերաբերյալ, համազեկուցողները միաժամանակ զգուշացրել են, որ ավելին պետք է արվի Վեհաժողովի կողմից բարձրացված կարեւոր խնդիրների լուծման ուղղությամբ:
Ընտրական օրենսգրքի նախատեսվող փոփոխության առնչությամբ Պրեսկոտն ու Կոլոմբիեն արձանագրում են, որ օրենսգրքի նախագիծը չի քննարկվել ընդդիմության հետ հատուկ աշխատանքային խմբի շրջանակներում: «Մեզ համար պարզ է, որ որեւէ Ընտրական օրենսգիրք, որը չի քննարկվել երկրի տարբեր քաղաքական ուժերի հետ եւ հիմնված չէ նրանց միջեւ հնարավորինս լայն փոխադարձ համաձայնության վրա, չի կարող ստեղծել անհրաժեշտ հանրային վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ», - հայտարարել են համազեկուցողները:
Նրանք իրենց գոհունակությունն են հայտնել ոստիկանության եւ արդարադատության համակարգի բարեփոխումների ուղղվածության վերաբերյալ` միաժամանակ նշելով, որ ոստիկանության դեմ բողոքները քննելու համար առաջարկվող մարմինը պետք է լիովին անկախ լինի օրենքով, եւ որ այդ մարմինը պետք է օժտված լինի հետաքննական լայն լիազորություններով:
Պրեսկոտը եւ Կոլոմբիեն ընդգծել են նաեւ, որ Հայաստանում դատավարությունների մոնիտորինգի վերաբերյալ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի զեկույցում տեղ գտած առաջարկները պետք է ամբողջությամբ հաշվի առնվեն արդարադատության համակարգի բարեփոխումների մշակման ժամանակ:
«Մենք գարնան սկզբին կվերադառնանք Հայաստան` իշխանությունների հետ այս խնդիրները մանրամասնորեն քննարկելու համար: Մեր քննարկումները նաեւ պետք է հիմնված լինեն Մոնիտորիգի հանձնաժողովում հայաստանյան քաղաքական ուժերի լայն շրջանակի հետ լսումների արդյունքների վրա, որ մենք նախատեսում ենք կազմակերպել», - ըստ ԵԽԽՎ-ի պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության` ամփոփել են համազեկուցողները:
Friday, June 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment