Tuesday, June 22, 2010

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ

Հանրային խորհրդի սույն թվականի հունիսի 8-ին կայացած փոքր նիստի որոշման մեջ արձանագրվել է, որ Հայաստանի բազմաթիվ հիմնախնդիրներով զբաղվելու հետ մեկտեղ ՀԽ-ն մեծ նշանակություն է տալիս կրթական համակարգի` որպես մեր ժողովրդի ու պետության համար կարեւորագույն ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի կանոնավորման հարցին: Ազգային կրթության խնդիրը միշտ կարեւորվել է մեր ժողովրդի կողմից հատկապես այն ժամանակաշրջանում, երբ մենք կորցրած ենք եղել մեր անկախությունը եւ ակնկալվել է, որ անկախությունը կբերի ինքնուրույն ազգային կրթական համակարգի, որը նաեւ կապահովի այնպիսի մակարդակ, որ հնարավորություն կտա հավասարը հավասարի հետ հարաբերվել մյուս ժողովուրդների եւ քաղաքակրթությունների հետ: Օրինաչափ է, որ Ղարաբաղյան շարժումը, վերածվելով անկախության եւ ազատության շարժման, իր դրոշի վրա առաջ էր տանում այդ գաղափարը, որը արտահայտվեց անկախության հռչակագրի 10-րդ կետում եւ դարձավ մեր Սահմանադրության հիմնական ձողերից մեկը. “…Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի` որպես պետական լեզվի, գործառությունը Հայաստանի Հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության եւ մշակույթի սեփական համակարգ”: Պետք է խոստովանել, որ նախորդ տարիների ընթացքում մեզ չհաջողվեց բավարար չափով լուծել այդ խնդիրը: Չնայած դրան` հարյուրավոր երեխաներ, ավարտելով մեր դպրոցները, իրենց ուսումը շարունակում են օտար երկրների բուհերում` ստանալով միջազգային չափանիշներով բարձր որակավորում: Ցավն այն է, որ նրանց մի մասը չի կարողանում աշխատանք գտնել Հայաստանում եւ ստիպված է մեկնել արտերկիր` աշխատանք որոնելու: Դրա հետ մեկտեղ ունենք եւ ավանդական Սփյուռք, եւ նորաստեղծ Սփյուռք, որտեղ տասնյակ հազարավոր երեխաներ, օտար երկրներում ստանալով տարբեր մակարդակի կրթություն եւ ցանկանալով վերադառնալ հայրենիք, համապատասխան աշխատանք չգտնելով` ստիպված հրաժարվում են իրենց մտադրությունից: Դա առանձին եւ կարեւոր հարց է, որը պահանջում է լուրջ քննարկում: Փոքր խորհրդի նիստում բարձրացվեցին կրթության հետ կապված բազմաթիվ հարցեր, որոշվեց ստեղծել աշխատանքային խմբեր` տարբեր ուղղությունները քննարկելու համար: Ըստ որում, այդ խմբերի մեջ ներգրավվում եւ նաեւ բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք ընդգրկված չեն ՀԽ-ում կամ հանձնաժողովներում: Հանրապետության նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ քննարկումների արդյունքում ձեւակերպված առաջարկությունները կքննարկվեն նախագահի եւ կառավարության հետ համատեղ: Այժմ այս նամակով դիմում եմ ՀԽ հանձնաժողովներում ընդգրկված բոլոր անդամներին եւ այն 960 հասարակական կազմակերպություններին, որոնց ներկայացուցիչներն են նրանք, քննարկել եւ ՀԽ ներկայացնել իրենց առաջարկությունները կրթությանն առնչվող հարցերի վերաբերյալ: Ներկայացնեմ փոքր խորհրդում բարձրացված հարցերը եւ մտքերը. 1. Կրթության նպատակները. - ազգային, պետական, հայրենասիրական դաստիարակություն` առաջացնելով երիտասարդների մեջ ազգային հպարտության զգացում, հայրենասիրություն` հիմնված ազգային մտածողության զարգացման և արժեհամակարգի, ազգային բնավորության ձեւավորման, պատմության իմացության վրա: - հայրենիքի համար պիտանի գիտելիքներով ու հմտություններով օժտված քաղաքացիների դաստիարակում; - ժամանակակից աշխարհի նորագույն տեխնոլոգիաներին համընթաց գիտելիքների տիրապետում, համաշխարհային մակարդակի հումանիստական կրթություն, 2. Այժմ գործող օրենքները երկու կարեւորագույն պետական կառույցների` բանակի եւ կրթական համակարգի միջեւ համագործակցության փոխարեն ստեղծում են շահերի որոշակի բախում, որը վնասում է երկուսին էլ: Կրթական համակարգի կողմից տրամադրվող տարկետման հետ կապված արտոնությունները` մագիստրատուրա, ասպիրանտուրա, անվճար ուսուցում, ավելացնում են բանակից խուսափելու հետ կապված կոռուպցիան` էապես վնասելով նաեւ կրթական համակարգը: Ստացվում է, որ ամեն տարի կորցնելով զորակոչային զգալի ռեսուրս` կորցնում ենք նաեւ երիտասարդ գիտնականների, քանի որ տարկետում ապահովող տեղերը խիստ սահմանափակ են, եւ հաճախ տաղանդավոր տղաների կամ աղջիկների փոխարեն հովանավորչության միջոցով “տեղավորվում են” պարզապես բանակից խուսափել ցանկացողները, որոնք բնավ չեն ցանկանում ապագան գիտության հետ կապել: Կորցնում է գիտությունը, կորցնում է բանակը, ծաղկում է կոռուպցիան` խորացնելով սոցիալական անարդարությունը եւ շերտավորումը: Առաջարկվում է` 18 տարեկան բոլոր տղաների պարտադիր ծառայություն բանակում (բացի առողջական խնդիրներ ունեցողներից): Դրա համար առաջարկվում է երիտասարդներին որոշակի արտոնություններ տալ` կա’մ 2 տարին փոխարինել 1,5 տարով, որի նպատակահարմարությունը իրավասու է որոշելու միայն ՊՆ-ն, կա’մ ուսման շարունակության վարձը պետությունը վերցնի իր վրա, կամ նաև հնարավորություն ընձեռվի բանակում ծառայելը համատեղել հեռակա կրթության հետ եւ այլն: Այդ ամենը շատ մանրակրկիտ քննարկված է ՊՆ-ի համապատասխան փաստաթղթում, այդ հարցում մենք սերտորեն համագործակցելու ենք ՊՆ-ի հետ: 3. Դպրոցների կառավարում Ապակենտրոնացումից անցնել ավելի կենտրոնացված համակարգի, մշակել նոր համակարգ` տնօրեններին նշանակելու եւ աշխատանքից ազատելու հետ կապված, ուսուցիչների որակավորման, աշխատանքի ընդունելու եւ ազատելու հարցերը, ստեղծել դպրոցական դասընթացների ստուգման հատուկ տեսչություն, սահմանել ուսուցիչների կարգավիճակ, աշխատավարձ: 4. Դպրոցի կառուցվածք Ավագ դպրոց Միջազգային չափանիշների շրջանակում ինքնուրույն որոշումներ ընդունել այդ հարցի կապակցությամբ, որը լինի համահունչ եւ բնական մեր ժողովրդի` տասնամյակների ընթացքում ձեւավորված սովորություններին, օգտակար մեր պետությանն ու ժողովրդին: 5. Առաջարկություն է եղել նորից վերադառնալ բարձրագույն եւ միջնակարգ կրթությունների բաժանմանը տարբեր նախարարությունների` լուսավորության նախարարության ստեղծում, որի մեջ ներգրավվեն բոլոր դպրոցներից բացի նաեւ բոլոր այն ուսումնական հաստատությունները, որոնք պատրաստում են կադրեր դպրոցների համար: 6. Չափորոշիչներ-ծրագրեր-դասագրքեր Ապահովել հեռուստատեսային դասընթացներ` մանավանդ հեռավոր շրջանների համար: 7. Ընդունելության քննությունների կազմակերպում, թեստերի հարցը. (առաջարկվում է յուրաքանչյուր առարկայից առնվազն 200-500 թեստի տեղադրում ինտերնետում, որոնց միջից միայն կընտրվեն քննական թեստերը): Մենք կարծում ենք, որ այս խնդիրները հուզում են մեր բոլոր քաղաքացիներին, եւ ՀԽ աշխատանքները այս ուղղությամբ պետք է հնարավորինս նպաստեն համաժողովրդական քննարկմանը: Մեր պետության եւ մեր ժողովրդի ապագան, մեր տեղը համաշխարհային քաղաքակրթության մեջ, մեր հնարավորությունները էապես կախված են նրանից, թե ինչ լուծում կտանք հանրակրթական համակարգային խնդիրներին:

No comments: