Tuesday, June 22, 2010

The Guardian. Թուրքիայի «զրո խնդիր» քաղաքականությունը լիակատար ֆիասկո է

Tert.am. 22-6-2010- Թուրքիայի «զրո խնդիր» քաղաքականությունը լիակատար ֆիասկո է: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը` անդրադառնալով պաշտոնական Անկարայի որդեգրած «հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականությանը: «Հարկ է ուսումնասիրել, թե ինչպիսի մնայուն և իրական արդյունքներ են ծնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի` «հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականությունը»,- գրում է The Guardian-ը` ընդգծելով, որ թուրքական իշխանությունների` տարածաշրջանում գերիշխող երկիր դառնալուն միտված բոլոր նախաձեռնություններն իրենց հետևից «փորձանք» են բերել: Բրիտանական պարբերականը, նշելով, որ Թուրքիայի «զրո խնդիր» քաղաքականությունը ավելի շատ խնդիրներ է առաջ բերում, քան ձեռքբերումներ, գրում է, որ բացառություն չէ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչի արդյունքում էլ ավելի լարվեցին հայ-ադրբեջանական հարաբերությունները: The Guardian-ը, հիշեցնելով անցած շաբաթ ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված գործողության մասին, գրում է. «Հայաստանի և Թուրքիայի միջև անցած տարի ստորագրվեց փաստաթուղթմ որը հավակնում էր պատմական լինել, որը, սակայն, Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի համառության արդյունքում, որը պնդում էր, թե նախ պետք է լուծվի ղարաբաղյան հակամարտությունը, տապալվեց: Արդյունքում Էրդողանն իր այդ նախաձեռնությամբ ոչ թե թուլացրեց, այլ էլ ավելի բորբոքեց լարվածությունը»,- գրում է բրիտանական պարբերականը: Թուրքիայի «զրո խնդիր» քաղաքականությանը նվիրված հոդվածում The Guardian-ն անդրադառնում է նաև կիպրական հիմնախնդրին, Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) և թուրքական բանակի միջև բախումներին, «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպից հետո Թուրքիայի և Իսրայելի հետ հարաբերություններում նկատվող լարվածությանը, ինչպես նաև` Անկարայի` Թեհրանի և Դամասկոսի հետ հարաբերություններին:

No comments: