«ԱԶԳ», 23-06-2010- Հունիսի 18-ին ԼՂՀ տարածքում ադրբեջանական դիվերսիոն խմբի իրականացրած վայրագությունը, երբ 4 հայ զինվոր զոհվեց, Համայն աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը բնութագրում է անմարդկային արարք: «Նրանք թուրք են, նույն ցեղասպան ցեղից, որ շարունակում են մորթել, սպանել: Հայ զինվորների մահը մեծ ողբերգություն է, եզդի ժողովուրդը խոնարհվում է նրանց շիրիմների առաջ», ասաց նա:
Վկայակոչելով պատմությունը` Ազիզ Թամոյանը հիշեցնում է, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո շուրջ երկու տասնյակ պետությունների օրինակով անկախություն ստացավ նաեւ Ղարաբաղը: «Դա հայկական հող է, ուր կան բազմաթիվ սրբավայրեր: Ադրբեջանի ղեկավարն այս ամենն անում է իր համար, իր աթոռի համար, նա իր ժողովրդի մասին չի մտածում»:
Ընդգծելով, որ 500 եզդի իր հրամանատարությամբ մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, Թամոյանը հավաստիացրեց, որ 60.000 բնակիչ ունեցող եզդի համայնքը հայ ժողովրդի բարեկամն է եւ պատրաստ է աջակցել: «Մենք եղել ենք ու կլինենք եղբայր հայերի կողքին: Եզդիները ձեզ հետ են: Թո՛ղ կրտսեր Ալիեւն իմանա. եթե նորից պատերազմ սկսվի, եզդի ժողովուրդը կկանգնի հայի կողքին եւ կպայքարի արդարության համար»:
Wednesday, June 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment