Thursday, June 24, 2010

Թաներ Աքչամ. Թուրքիան պարտավոր է ճանաչել Հայոց Ցեցասպանությունը և ներողություն խնդրել հայերից

Կայացավ «A Shameful act» գրքի շնորհահանդեսը «Արաքս» շաբաթաթերթ, 24.06.2010: Երեկ, հունիսի 23-ին, երեկոյան ժամը 19:00-ին, ԹՀԹ Թեմական խորհրդի կողմից կյանքի կոչված Հայոց Մեծ Եղեռնի 95-ամյակը ոգեկոչող հանձնախմբի նախաձեռնությամբ, Թեհրանի «Հայ ակումբ»-ի սրահում, կայացավ թուրք հանրահայտ գրող և մտավորական, պատմաբան, Ամերիկայի «Քլարք» համալսարանի դասախոս՝ Թաներ Աքչամի հեղինակած «A Shameful act» (Ամոթալի արարք) գրքի պարսկերեն թարգմանության շնորհահանդեսը: Հիշյալ միջոցառմանը ներկա էին գրքի հեղինակ Թաներ Աքչամը, Իսլամական խորհրդարանի ներկայացուցիչներ, Իսլ. խորհրդարանում Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, Թեհրանում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան Գրիգոր Առաքելյանը, հոգևորականներ, Թեմական խորհրդի և Պատգամավորական ժողովի ատենապետներ՝ դոկտ. Աիդա Հովհաննիսյանն ու Գևորգ Աբուլյանը և նույն մարմինների անդամներ, դեսպանատան աշխատակիցներ, Իրանի համալսարանների դասախոսներ, մտավորականներ, հայկական կառույցների, միությունների և մամուլի ներկայացուցիչներ, հայ և պարսիկ հրավիրյալներ՝ ավելի քան երեք հարյուր հոգի: Շնորհահանդեսը սկսվեց բարիգալստյան խոսքով, ապա օրվա առիթով իր խոսքն ասաց պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, այնուհետ սեղմ տողերում ներկայացվեց հեղինակի կենսագրականը և բեմ հրավիրվեց ինքը՝ Թաներ Աքչամը, իր գրքի և մտքերի մասին արտահայտվելու համար: Թ. Աքչամը շնոհակալություն հայտնելով մտերմիկ ընդունելության և մթնոլորտի համար, ասաց մենք պարտավոր ենք մեր պատմությունը ընդունել և իմ գիրքը այդ պատմության մութը ծալքերն է, որ ներկայացնում է ընթերցողին: Թաներ Աքչամն խոսելով իր գրքի բովանդակության մասին ասաց, «Այն, փաստորեն, Հայոց Ցեցասպանության պատմությունն է, իր բոլոր կողմերով: Ես աշխատել եմ օսմանական արխիվների փաստաթղթերով ցույց տալ Ցեղասպանության իրականությունը»: «Թուրքիան պարտավոր է ճանաչել Հայոց Ցեցասպանությունը և ներողություն խնդրել հայերից», ասաց Աքչամը: Հեղինակն ապա պատասխանեց ներկաների հարցերին, ընդ որում մի ասրու հարցին, որ հարց տվեց, ինչո՞ւ հեղինակը չի խոսում նաև ասորիների ջարդի մասին, ասաց. «Ճիշտ է նաև կոտորվել են այլ քրիստոնյաներ, այդ շարքում նաև ասորիներ, բայց բոլոր գաղտնի հրամանագրերում շեշտված է՝ գործ չունենալ այլ քրիստոնյաների հետ, աքսորել և սպանել միայն հայերին»: Այնուհետ խոսքը տրվեց Թեմական խորհրդի ատենապետ՝ դոկտ. Աիդա Հովհաննիսյանին, որն և հատուկ շնորհակալություն հայտնեց հեղինակին իր տարած արժեքավոր աշխատանքի համար: Նա ասաց. «Ձեզանից շնորհակալություն եմ հայտնում, ոչ միայն որպես մի հայ, այլ որպես մի մարդ, որովհետև այստեղ նախևառաջ մարդու իրավունքների հարց է»: Ապա Թեմական խորհրդի ատենապետն ու գրքի հեղինակը միասին պարսկերեն թագմանված տարբերակը ներկայացրին հանդիսատեսին: Իսկ վերջում Թ. Աքչամը իր ստորագրությամբ գրքեր հանձնեց ներկաներին: Գիրքը թարգմանել են Բաբաք Վահեդին և Մոհսեն Ղաեմմաղամին:

No comments: