Sunday, June 27, 2010

Քլինթոնը մտադիր է առաջ մղել ղարաբաղյան հակամարտության կողմերին` լուծման գնալու համար. Քրոուլի

Panorama.am. 26-6-2010- ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հարավային Կովկաս կատարելիք իր այս շրջագայության ընթացքում նպատակ ունի թեթևացնել Կովկասյան տարածաշրջանում ստեղծված երկարատև քաղաքական հակամարտությունը, գրում է «Ամերիկայի ձայնը»: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Քլինթոնը շրջագայություն է սկսում Ուկրաինա, Լեհաստան, այնուհետև Հարավային Կովկասի երկրներ` Ադրբեջան, Հայաստան ու Վրաստան: Որոշ պաշտոնյաներ լրատվամիջոցին ասել են, թե որպես Պետքարտուղար, Հարավային Կովկաս իր առաջին այցելության ժամանակ Քլինթոնը մտադիր է շարունակել ԱՄՆ ջանքերը ի ցույց դնել տարածաշրջանային խնդիրների, այդ թվում` ԼՂ շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության լուծման ուղղությամբ: Իր հերթին ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, թե ԱՄՆ Պետքարտուղարը մտադիր է ղարաբաղյան հիմնախնդրի հարցում փորձել առաջ մղել կողմերին` Հայաստանին ու Ադրբեջանին լուծման գնալու համար: Քրոուլիի խոսքով, Քլինթոնը նաև փորձելու է տեղաշարժել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացմանն ուղղված գործընթացը: Ի դեպ, Թուրքիա չայցելելու վերաբերյալ Քրոուլին ասել է, թե այն, որ Թուրքիան չի մտնում Քլինթոնի շրջագայությունների մեջ, վիրավորական չպետք է թվա, քանի որ տիկին Հիլարին ունի շատ սահմանափակ ժամանակ և օրակարգը խտացված է: Բացի այդ, ինչպես ասել է Քրոուլին, նախորդ տարի Քլինթոնն այցելել է Թուրքիա:

No comments: