7or.am. 28-6-2010- ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը.
-Հայտարարության մեջ հստակ հղում է արվում թե՛ Մադրիդյան սկզբունքներին, և թե՛ անցյալ տարի Աքվիլայում արված հայտարարությանը։ Ի տարբերություն ադրբեջանական կողմի, որը մշտապես ասում է, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը չի քննարկվում, և նման հարց չկա՝ մենք տեսանք, որ այս հայտարարության մեջ ևս հնարավորություն է տրվում ԼՂՀ-ին թե՛ միջանկյալ կարգավիճակ տալու համար, և թե՛ հետագայում պարտադիր ուժ ունեցող ԼՂՀ ժողովրդի կամարտահայտության համար, որը ոչ այլ ինչ է, քան ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչում։
Երկրորդ կարևոր բանը, ըստ ՀՀԿ մամլո խոսնակի, այն է, որ Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը պետք է ունենան ընդհանուր ցամաքային սահման և անվտանգության երաշխիքներ։ «Այդ երեք կետերի մասին հայկական կողմը մշտապես խոսել է»,-նշել է Շարմազանովը։
-Այստեղ որոշակի հարցեր են առաջանում՝ քայլերի հերթականության հետ կապված։ Այդ հարցում հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. մենք ասել ենք, որ մենք խնդրի լուծմանը պետք է գանք ոչ թե հետևանքներից, այլ պատճառներից, իսկ պատճառների համար անհրաժեշտ է, որպեսզի Լեռնային Ղարաբաղն ունենա հստակ կարգավիճակ։
«7օր»-ի զրուցակցի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի կարող ավելի ցածր լինել, քան այսօր է, իսկ այսօր ԼՂՀ-ն փաստացի անկախ հանրապետություն է։
-Մենք վճռական փուլ կմտնենք այն ժամանակ, երբ ԼՂՀ-ն մասնակցի բանակցություններին։ Առանց ԼՂՀ-ի որևէ մեկը չի կարող նրա փոխարեն որոշում կայացնել։
Monday, June 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment