Friday, June 25, 2010

Էդվարդ Նալբանդյան. «Թուրքերը պետք է առանց նախապայմանների վավերացնեն Արձանագրությունները և իրականացնեն նրանցում պարունակվող բոլոր կետերը»

Այսօր Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի հետ համատեղ ասուլիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանյանը պատասխանեց ավստրացի լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս կարելի է աշխուժացնել հայ–թուրքական հարաբերությունները և կյանքի կոչել Արձանագրությունները։Կարելի է աշխուժացնել այն ժամանակ, երբ թուրքերը հարգեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, և հարգելով այդ պայմանավորվածությունները` առանց նախապայմանների վավերացնեն Արձանագրությունները և առանց նախապայմանների իրականացնեն այն ամենը, ինչ պարունակվում է Արձանագրություններում», – ասաց նա։ Ըստ նախարարի՝ հայկական կողմն սկսել էր գործընթացը այդ փոխըմբռմամբ, վարել բանակցությունները և եկել պայմանավորվածության։ «Արձանագրությունները ստորագրելուց հետո այսօր Թուրքիան վերադարձել է այն նախապայմանների լեզվին, որն օգտագործում էր այս գործընթացը սկսելուց առաջ, և հենց այդ հնչեցվող նախապայմանների պատճառով էր, որ կարգավորման գործընթացը փակուղում էր գտնվում», – նշեց նախարարը։ Ըստ Նալբանդյանի, փակուղուց հնարավոր եղավ դուրս գալ, երբ կողմերը պայմանավորվեցին գնալ հարաբերությունների կարգավորմանը և սահմանների բացմանը առանց նախապայմանների։ Սակայն այսօր Թուրքիան, ըստ նախարարի, ինչ–ինչ պատճառներով չի կարող հարգել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել։ «Թուրքիայի կողմից հնչում են հայտարարություններ, թե նա չի կարող վավերացնել և չի կարող իրականացնել այս պայմանավորվածությունները առանց այս, այն նախապայմանների։ Ասում են՝ մենք նախապայմաններ չունենք, բայց եթե դուք անեք սա՝ մենք կկարողանանք մի քիչ շարժվել առաջ, եթե դուք անեք այն, մենք կշարժվենք ավելին, դա նշանակում է՝ նախապայմանններ։ Դա ոչ միայն Հայաստանի դիրքորոշումն է, դա միջազգային հանրության դիրքորոշումն է։ Այդ դիրքորոշումը մի ձևակերպում ունի՝ առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում վավերացնել և իրագործել պայմանավորվածությունները։ Այսօր Թուրքիան չի կարողանում հարգել միջազգային հանրության այն մոտեցումը։ Երբ Թուրքիան ի զորու կլինի հարգել պայմանավորվածությունները, որոնք ինքը ձեռք է բերում այլ երկրների հետ, այդ ժամանակ հնարավոր կլինի շարունակել այս գործընթացը»,– եզրափակեց նախարարը։

No comments: