Sunday, June 27, 2010

Նոր հայտարարություններով Բաքուն թաքցնում է իր պարտությունը

Aysor.am. 26.06.2010- Ադրբեջանի Զինված Ուժերի կազմավորման 92-ամյակի կապակցությամբ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ելույթում տեղ գտած նոր ռազմատենչ հայտարարությունները միտված են թաքցնել Սանկտ-Պետերբուրգի բանակցությունների և ղարաբաղա-ադրբեջանական ռազմագծում հունիսի 18-ին իրականացված սադրանքի հետևանքով պարտված լինելու տրամադրությունները: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: Հիշեցնենք, որ ս.թ հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր: «Ադրբեջանը մեկ անգամ ևս համոզվեց, որ հայ զինվորը պատրաստ է կյանքի գնով պաշտպանելու իր հայրենիքը: Թեև այս ծանր սադրանքի հետևանքով մենք տվեցինք չորս զոհ և չորս վիրավոր` Ադրբեջանը համոզվեց, որ ինքը չի կարող մտնել հայկական տարածք»,- ասաց նա: Ըստ բանախոսի, որպես պետության ղեկավար Ի.Ալիևը չպետք է այնքան ստորանա, որ հանդես գա միջազգային հանրության առջև նման հայտարարություններով: «Ալիևը մոռացել է, որ դիվանագետ է, քանի որ նման գործելաոճը ցածր դիվանագիտական մակարդակի մասին է խոսում»,- նշեց Գ.Մելիքյանը: Խոսելով միջադեպին հետևած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքի մասին` պատգամավորը համոզմունք հայտնեց, որ նրանց հայտարարությունները չպետք է անհասցե լինեին: «Համոզված եմ, որն հայտարարություններն ուղղված էին սադրանքն իրականացրած Ադրբեջանի դեմ, բայց պետք է այդ անունը հնչեր հստակ, և առանց մտածելու, որ կարող է քաղաքական հետևանքներ ունենալ: Այդտեղ այն պահը չէ, երբ հայտարարությունները պետք է որևէ կողմի համար «դուր գալու կամ դուր չգալու» խնդրիներ առաջացնեն»,- նշեց բանախոսը: Գագիկ Մելիքյանը նաև կարծիք հայտնեց, որ հունիսի 18-ին տեղի ունեցած միջադեպի հետևում կանգնած է Թուրքիան: Նա նաև բացառեց, որ իրավիճակը կարող է հանգեցնել պատերազմական գործողությունների վերսկսմանը:

No comments: