Sunday, June 27, 2010

Արևմուտքը սկսել է կասկածել Թուրքիայի հավատարմությանը

Tert.am. 26-6-2010- Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Թուրքիային, որ վերջինը մեկուսանում է ԱՄՆ աջակիցներից և պետք է ապացուցի, որ հավատարիմ է Արևմուտքի հետ գործընկերությանը։ «Կարծում ենք, որ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ–ին, Եվրոպային և ԱՄՆ–ին, բայց անհրաժեշտ է, որ նա ցույց տա այդ հավատարմությունը»,– ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Associated Press–ին տված հարցազրույցում։ Պարբերականի բնորոշմամբ, սա եզակի նկատողություն է, որ Վաշինգտոնը հնչեցնում է ՆԱՏՕ–ի իր կարևոր դաշնակցի հասցեին։ Գորդոնը նաև նկատել է, որ հենց Թուրքիայի պահվածքի պատճառով իրենց համար հիմա ավելի դժվար է դարձել սատարել Թուրքիային այն մի քանի հարցերում, որտեղ Անկարան ակնկալում է Վաշինգտոնի աջակցությունը։ Մասնավորապես, Գորդոնը մատնանշել է փաստը, որ Անկարան դեմ քվեարկեց Իրանի դեմ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի նոր պատժամիջոցներին և Իսրայելի հասցեին կոշտ հայտարարություններ հնչեցրեց Գազա ուղևորվող տորմիղի հետ կապված միջադեպից հետո։ Գորդոնի հարցազրույցին արդեն արձագանքել է ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը։ Նա ասել է, որ պետքարտուղարի տեղակալի հայտարարությունները զարմացրել են իրեն, քանի որ Թուրքիան, իր համոզմամբ, շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ–ին, և դա չպետք է կասկած հարուցի։

No comments: