Thursday, June 24, 2010

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

Կարծում ենք, որ այս նախագծերը լավ առիթ դարձան, որ հասարակությունն ու իշխանությունն աուդիտի ենթարկի մեր կրթական համակարգը' կապված դասավանդվող լեզուների հետ: Վերջին 2 ամսվա ընթացքում պարզվեց, որ. 1. Այսօր ունենք 30 դպրոցներ, որտեղ ռուսաց լեզվի դասավանդումը սկսվում է 1-ին դասարանից, ունենք երկլեզու գործող դասարաններ' հատուկ ստեղծված դասագրքերով: 2. Ունենք 1995թ.-ի նոյեմբերին Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև կնքված մշակութային, գիտական և տեխնիկական համաձայնագրով սահմանված կետ, որով երկլեզու դասարանների ընդլայնման միջոցով մասնավոր ուշադրություն է դարձվում մասնագիտական ֆրանսերենին: Հավանաբար այս կետի կիրառումը տարածվում է Երևանի թ.119, կամ թ. 48 ֆրանսերեն թեքումով դպրոցների ուսումնական պլանների վրա: 3. Փաստորեն ունենք նաև «Որակի միջազգային դպրոց», որտեղ առարկաներն ուսուցանվում են բացառապես անգլերեն, ինչպես նաև\' ֆրանսերեն, հայերեն և ռուսերեն: Այսինքն, «Լեզվի մասին» օրենքի խախտումով են գործում վերոնշյալ դպրոցները կամ դասարանները, որովհետև վերոնշյալ օրենքով օտարալեզու հանրակրթական ուսումնական հաստատություն Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել, այս մասին նշել է թե նախարարը, թե մեր հանձնաժողովի նախագահը: Հանրապետության Նախագահն էլ ասում է, թե քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոց հիմնելու մասին: Չգիտեմ, թե Հանրապետության Նախագահը, որպես միջազգային չափանիշ, ինչ նկատի ունի, ես ուսումնասիրել եմ միջազգային չափանիշներ ասած հասկացությունն ըստ ԵԽԽՎ-ի, որը Լեզվաքաղաքականության բաժնի 2009 թվականի հոկտեմբերին Հայաստանի մասին հրապարակած «Լեզվակրթական քաղաքականության ուրվագիծ» վերնագրով ուսումնասիրության մեջ գրված է. «Եվրախորհրդի տեսակետն այն է, որ լեզվական կրթության վերլուծությունն ու արժևորումը հնարավոր չէ մասնատել և որ երկրում լեզուների ուսուցումն ու ուսումնառությունը պետք է ընկալվեն որպես մեկ ամբողջություն\' ներառելով պետական լեզվի, ինչպես նաև\' փոքրամասնությունների և օտար լեզուների ուսուցումը: Այսինքն, զարգացնել բազմալեզու հանրակրթական և բուհական համակարգ»: Այս հրապարակման մեջ կա 15 «Առաջարկ հետագա գործողությունների համար», օրինակ\' դրանցից մեկը\' ինքնության հարցերի հետ առնչվող այսպիսի առաջարկ. «Հանրային քննարկումներ սկսել և բացահայտել քաղաքացիական հասարակության, կրթության մեջ և ընտանիքում հայերենի դերի մասին (ներառյալ օժանդակությունը Սփյուռքին), առաջ քաշել «լեզվակրթություն» ընդհանրական գաղափարը□, համալսարաններում զարգացնել ուսանողների երկլեզու կարողությունները և այլն: Այս առաջարկն ինձ զարմացրեց այնքանով, որ օտար փորձագետները մեզ առաջարկում են քաղաքացիական հասարակության մեջ, ընտանիքում քննարկումների միջոցով բարձրացնել հայերենի դերը: Այս առաջարկի մասին շատ մտածեցի: Չգիտեմ, թե իրենք ինչ նկատի ունեն, սակայն կարծում եմ, որ այս առումով բացթողում ունենք, բավական է երևի, լալկան գրական գործերով կայացնենք մեր ապագա քաղաքացիներին, այս առումով կարևոր անելիք ունեն մեր գրականագետները\' գրականության ծրագրերում ավելի շատ ընդգրկեն մեր ազգային արժանապատվությունը սնուցող, ազգային ոգին, մեր նկարագիրն ու ազատատենչ ինքնությունը ներբողող գործեր, պատմության դասագրքերը գրողներն ավելի հետաքրքիր ներկայացնեն մեր պատմության հերոսական էջերն ու պատմական հերոսներին, հատկապես մերօրյա: Յուրաքանչյուր աշակերտի մեջ ներարկել մեր էպոսն ու ներշնչել, որ ինքն է Փոքր Մհերը և ազգը իրեն է սպասում: Ուզում եմ ասել, որ հայրենասիրության զգացում ներարկելը, մեծ հաշվով, սկսվում է մայրենիից և ավարտվում մայրենիով: Առաջարկվում է նաև աջակցել փորձարարական կամ մասնագիտացված դպրոցների գաղափարին\'լեզվի մասին օրենքի որոշ դրույթների կասեցմամբ: Լավ չեմ հասկանում, թե ինչ են նկատի ունեցել «կասեցում» բառով, որովհետև վերոնշյալ ուսումնասիրության հայերեն թարգմանությունը շատ անհաջող էր, բայց մեր առաջարկությունների մեջ կանդրադառնամ այս մտքին: Իսկ Գերմանիայի և Ֆրանսիայի նմանատիպ դպրոցների վերաբերյալ ունեցանք հետևյալ տեղեկությունը: Գերմանիայում գործում է միջնակարգ կրթության միջազգային դպրոց ավագ դպրոցի հիմքի վրա, 16-18 տարեկանների համար\' 2 տարով, ուսուցումը անգլերեն է, պարտադիր ուսումնասիրում են գերմաներեն: Ֆրանսիայում գործում է Բորդոյի միջազգային դպրոց IGCSE ծրագրով անգլերեն լեզվով, ֆրանսերենը պարտադիր առարկա է: Ոչ մի բացառություն\' պետական լեզվի նկատմամբ: Ի՞նչ ենք առաջարկում, ասում ենք այո, նման միջազգային չափանիշներով դպրոց անհրաժեշտ է ունենալ: Դրա համար առաջարկում ենք □Լեզվի մասին□ օրենքի 2-րդ հոդվածի առաջին պարբերության մեջ առաջարկվող փոփոխությունը, այսինքն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, նախադասությունը հանել, որովհետև Հայաստանի Հանրապետությունում կրթության լեզուն գրական հայերենն է , որն ունի պետական լեզվի կարգավիճակ թե Սահմանադրությամբ, թե հռչակագրով, թե Ազգային անվտանգության ռազմավարությամբ: Առաջարկում ենք 2-րդ հոդվածի 3-րդ պարբերության մեջ առաջարկվող «մասնագիտական»-ին նախորդի նաև «նախամասնագիտական» բառը, որը թույլ կտա ավագ դպրոցներում ունենալ մայրենիի հենքի վրա, օտարալեզու, երկլեզու դասավանդում\' դպրոցի ընտրությամբ: 3-րդ պարբերությունը չփոփոխել: Այսքանը «Լեզվի մասին» օրենքի մասով: Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունը հանել, այսինքն «Հանրակրթության մասին» օրենքի 4-րդ հոդված 9-րդ մասը թողնել անփոփոխ: Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացման մեջ թողնել միայն երրորդ աստիճանը: Օրենքով սահմանել այլընտրանքային, փորձարարական, հեղինակային և միջազգային ծրագրեր հասկացությունները: Մնացած բոլոր նպատակները, կապված միջազգային չափորոշիչներին, համապատասխան կրթություն կազմակերպելու տեսլականի հետ, ոչ միայն անհրաժեշտ են, այլև ուշացած: Բազմիցս ասվել, նշվել է, որ «Հանրակրթության մասին» օրենքը Կառավարությանը տալիս է թե այլընտրանքային հանրակրթական ծրագրերին համապատասխան ուսումնական հաստատություն ստեղծելու նպատակով որոշում կայացնելու մասին հնարավորություն, հոդված 8, կետ 3, թե այլ տեսակի ոչ պետական ուսումնական հաստատություն կարող է ստեղծվել, թե օտար լեզուների խորացված ուսուցում կազմակերպել ինչպես միջին, այնպես էլ ավագ դպրոցներում: Կրկին գանք բազմալեզու կրթությանը կամ այդպիսի կրթություն պահանջող միջազգային չափանիշներին: Ո՞վ է դասավանդելու այդ դպրոցներում: Քանի դեռ մեր մանկավարժներ պատրաստող Մանկավարժական համալսարանն այսքան հեռու է միջազգային չափանիշներից և քանի դեռ նրա ծրագրերն ու կրթության կազմակերպման բովանդակությունը չի համապատասխանեցվելու միջազգային չափանիշներին, ակնկալել, որ մայրենիով հանրակրթությունը մեզանում որակ կունենա, էլ ուր մնաց բազմալեզու հանրակրթությունը, երազելուց այն կողմ չենք անցնելու: Այսինքն խնդիրը միայն օրենքը փոփոխելը չէ, այլ շատ ավելի լուրջ խնդրի առաջ ենք կանգնած: Այդ միջազգային դպրոցի ուսուցիչներն ովքե՞ր են լինելու, որտեղի՞ց են գալու: Կարծում եմ\' Հանրային խորհրդի ազգային անվտանգության հանձնաժողովի պահանջը\' ետ կանչել նախագիծը, հենց այս կոնտեքստում պետք է նայել: Հասկանալի է, որ նմանատիպ դպրոցներ բացելու հրամայականը գալիս է լուրջ ներդրումների ակնկալիքից: Թող լինեն օրենքով սահմանված կարգով: Սակայն ինձ հանգիստ չի տալիս հետևյալ միտքը, եթե ինչ որ մարդիկ ներդումներ չառաջարկեին, այսինքն այս նախագծերը հասարակության քննարկմանը ներկայացնելու առիթը չլիներ, ապա հանրակրթության առկա որակի ցածրագույն լինելու փաստը այդպես էլ չէր ճանաչվելու, դրա մասին բարձրաձայն չէր խոսվելու և Հանրապետության Նախագահը չէր խոստովանելու, որ վատ կլինի՞, եթե միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն տվող մի քանի մասնավոր դպրոց ունենանք: Ես կրկին ողջունում եմ այս օրենքների նախագծերն Ազգային Ժողով բերելն այնքանով, որքանով որ առիթն ունեմ բարձրաձայնելու հետևյալ սպանիչ երևույթների մասին: Ասում եք ունենանք միջազգային չափանիշներին համապատասխան 2 դպրոց, հետո կբարձրացնենք մեր հանրակրթության որակը, ինչպե՞ս, եթե 1. դեռևս անցյալ տարի այս ժամանակ ահազանգվել է քննությունից առաջ քննական թեստերի արտահոսքի մասին, այսինքն կեղծ քննությունների, այսինքն կրթության որակի չափանիշը կեղծելու մասին, ոչինչ չի ձեռնարկվել ոչ անցյալ տարի, ոչ էլ այս տարի: 2. Դպրոցների տնօրեններ կան, որ համարձակվում են շրջանցել Կրթության նախարարի հրամանը և էքստեռն քննություն են անցկացնում: 39-ը հայտնաբերվում են, բայց 3500 աշակերտ դուրս է եկել դպրոցից, ու՞ր են մնացածները: 3. Կրթության տեսչությունը Դպրոցներում հայտնաբերում է աշակերտների թվի հավելագրում , ինչպես օրինակ Ապարանի թ.1,2,3 և միայն թ. երեք դպրոցում վաթսունութ աշակերտ, հաղորդում եմ դատախազություն, պատասխանի մեջ , որը շատ հեռու է միջազգային չափանիշներից, թափանցիկ երևում է, թե ինչպես է պարտակվել կեղծիքն ու կոռուպցիան: Մեզանում ո՞վ չգիտի, թե ինչն է վերոնշյալ տնօրեններին թև տալիս կեղծել, օրենքը շրջանցել, վկայականներ ծախել: Վերջերս մի տնօրենի բացահայտել են, հետաքրքրվեք, թե որ կուսակցության մտերիմն է եղել, եթե չգիտեք, կարող եմ օգնել: Համատարած անպատժելության մթնոլորտ: Որպես հետևություն ուզում եմ ասել, որ չունենք կեղծիքի, կոռուցիայի դեմ պայքարող միջազգային չափանիշներին համապատասխան մարմին, չունենք միջազգային չափանիշներին համապատասխան արդարադատություն: Չունենք միջազգային չափանիշներին համապատասխան հեռուստատեսություն, ԶԼՄ-ներ, այսինքն ազատ խոսք, քննադատություն, բազմակարծություն: Հարգելի քաղաքական իշխանություն, դուք էլ շատ լավ հասկանում եք, որ քանի դեռ չունենք միջազգային չափանիշներին համապատասխանող արդարադատություն, ազատ խոսք, բազմակարծություն և չենք հաջողում ժողովրդավարության մեջ, որն ամրագրել ենք Սահմանադրությամբ, ուրեմն որքան էլ որ օրենք փոխենք, չենք ունենա միջազգային չափանիշներին համապատասխան, նույնիսկ երկու դպրոց:

No comments: