Saturday, June 26, 2010

Հիլարի Քլինթոնը կժամանի Հայաստան

Հաջորդ շաբաթ Արևելյան Եվրոպայի և Հարավային կովկասի երկրներ կայցելի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Այս մասին, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին` տեղեկացնելով, որ 6-օրյա այցի շրջանակում Քլինթոնն այցելելու է Լեհաստան, Ուկրաինա, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Ռադիոկայանը զրուցել է ամերիկացի մի շարք պաշտոնյաների հետ, որոնք մի կողմից կարծիք են հայտնել, թե պետք չէ Քլինթոնի շրջագայությունից կարևոր դիվանագիտական առաջխաղացում ակնկալել, մյուս կողմից ընդգծում են, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի նպատակներից է լուծում գտնել ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնություններին, ինչպես նաև մեղմել 2008թ. ռուս-վրացական կարճատև պատերազմի հետևանքով Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերություններում նկատվող լարվածությունը: Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին վերահաստատել է ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները: Նրա խոսքով` Քլինթոնը Երևանից և Բաքվից պահանջելու է առաջընթաց ապահովել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Բացի այդ, Քրոուլին հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղարը երևանյան այցելության ընթացքում փորձելու է նոր ազդակ հաղորդել Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացին: ԱՄՆ պետքարտուղարի շրջագայությունը մեկնարկելու է հուլիսի 1-ին Ուկրաինայում։ Այնտեղից Քլինթոնն այցելելու է Լեհաստան, որտեղից էլ` Հարավային Կովկաս:

No comments: