Tert.am. 26-6-2010 - Թուրքիայի հեռարձակման վերահսկողության պետական կառույցը (RTUK) որոշել է դադարեցնել թուրքական Haberturk հեռուստաալիքով հեռարձակվող Ֆաթիհ Ալթայլըի հեղինակած Teke Tek հեռուստածրագիրը, որի շրջանակում ժամանակ առ ժամանակ ուղիղ եթերով քննարկվում էր Հայոց ցեղասպանության հարցը: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
RTUK-ի կայացրած որոշման մեջ նշվում է, որ հաղորդման ընթացքում Սևան Նիշանյանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչեցրած տեսակետները «անցել են քննադատության բոլոր սահմանները», ինչպես նաև պարունակում են «վիրավորանքի» տարրեր:
«2010թ. մարտի 9-ին Teke Tek հաղորդման ընթացքում քննարկվել են 1915թ. իրադարձությունները: Ծրագրին որպես հյուր միացել էին գրող-լեզվաբան Սևան Նիշանյանը և պատմաբան Յուսուֆ Հալաչօղլուն: Ծրագրի ընթացքում քննության է առնվել Հայկական հարցն Օսմանյան կայսրության ժամանակաշրջանից մինչև մեր օրերը: Քննարկման ընթացքում Յուսուֆ Հալաչօղլուն, հիմնվելով օսմանյան, ամերիկյան, ֆրանսիական և անգլիական արխիվների վրա, պաշտպանում էր պաշտոնական թեզը, այն դեպքում, երբ Նիշանյանն առաջ էր քաշում այլընտրանքային պատմական փաստաթղթեր: Սակայն Նիշանյանը, 1915թ. իրադարձությունների առնչությամբ հայտարարելով, թե Թուրքիայի Հանրապետությանը հայերի դեմ իրականացրել է ցեղասպան քաղաքաքանություն, անցել է քննադատության բոլոր սահմանները, նրա խոսքերում առկա են վիրավորանքներ»,- նշվում է հայտարարության մեջ:
Teke Tek հեռուստածրագիրը մարտի 9-ին եթեր էր հեռարձակել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման առնչությամբ հաղորդում։ Ֆաթիհ Ալթայլըն հաղորդմանը հրավիրել էր պոլսահայ ականավոր լեզվաբան, գրող-հրապարակախոս Սևան Նիշանյանին և Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուին: Հաղորդման մի քանի եթերների ընթացքում սուր բանավեճեր էին տեղի ունեցել Նիշանյանի և Հալաչօղլուի միջև: Երբ վերջինը փորձել էր հերթական անգամ ժխտել Հայոց ցեղասպանության փաստը, Նիշանյանը նրա առջև էր դրել Ցեղասպանության փաստը հաստատող մի շարք փաստաթղթեր ու հայտարարել. «1915թ. սահմռկեցվուցիչ իրադարձությունների հետևանքով մի ողջ հանրություն արմատախիլ արվեց իր մայր հայրենիքից, որտեղ ապրել է հազարավոր տարիներ»:
Նշենք, որ այս հաղորդումն իր ձևաչափով բացառիկ երևույթ էր Թուրքիայում: Թուրք հասարակությունը ուղիղ եթերից ևսս մեկ անգամ լսում էր Հայոց ցեղասպանության հարցում պաշտոնական Անկարայի ստերն ու ժխտումը, միևնույն ժամանակ, հնարավորություն էր ունենում լսելու նաև իրողությունը, տվյալ դեպքում, Սևան Նիշանյանի շուրթերից:
Saturday, June 26, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment