Monday, June 28, 2010

Դ. Բաբայանը կարևորում է այն փաստը, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման մասին առաջատար երկրներն են խոսում

Panorama.am. 28-6-2010- «Այդ հայտարարության մեջ նշված էին մի շարք կարևոր դրույթներ՝ ազգերի ինքնորոշում, խաղաղ կարգավորում, իսկ սրանք այն կարևոր գաղափարներն են, որոնք պետք է ծառայեն նաև ղարաբաղա-ադրբեջանական հինախնդրի կարգավորման գործընթացին, իհարկե, որոշ վերապահումներով»,- անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկրների ղեկավարների տարածած համատեղ հայտարարությանը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: «Միանշանակ մենք կարծում ենք, որ պետք է հարգվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման փաստը և եթե դա կատարվում է, ու դրա մասին խոսում են առաջատար երկրները, ապա սա լավ հիմք է ստեղծում հետագա բանակցությունների համար: Բնական է, որ այդ հայտարարությամբ հակամարտությունը միանգամից չի կարգավորվում, քանի որ սա երկար գործընթաց է»,- ասաց նա: ԼՂՀ պաշտոնյայի խոսքերով, Արցախի հիմնախնդրի կարգավորումը սկզբունքներից բացի այլ մեխանիզմներ է ենթադրում: Օրինակ՝ դեռևս պետք է մանրամասնել, թե ինչ է իրենից ներկայացնում ցամաքային կապը, որոնք են անվտանգության խնդիրները, սրանք շատ ավելի բարդ խնդիրներ, սակայն որպես հիմք կարող են ծառայել հետագա բանակցությունների համար: «Ադրբեջանը չպետք է հանդես գա իր մաքսիմալիստական դիրքորոշումներով՝ ամեն ինչ իրեն, ոչինչ հակառակ կողմին սկզբունքով, սակայն դա անընդունելի է և, բնականաբար, այդպես լինել չի կարող»,- ասաց Դ. Բաբայանը:

No comments: