News.am. 22-6-2010- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Հովհաննես Բաղմանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «վախկոտ մարդկանց հայտարարություններ» է որակել Ադրբեջանի կողմից վերջին շրջանում առավել ակտիվացող ռազմատենչ հայտարարությունները։
«Նրանք միշտ են այդ հայտարարությունները անում։ Կարո՞ղ են ուրիշ բան անել...մենակ պիտի հայտարարություններ անեն, ուրիշ ոչինչ»,-նկատեց Բաղմանյանը։ Նա կարծում է, որ հունիսի 18-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիոն գործողությունը, որի հետեւանքով չորս հայ եւ մեկ ադրբեջանցի զինվոր է զոհվել, կազմակերպված էր եւ հրահանգված Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։
«Պատահական չէր, որ Սանկտ-Պետերբուրգում երեք նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը թողնում ու գնում է, ու դրանից ժամեր անց տեղի է ունենում այդ դիվերսիան»,-նշեց գեներալ-մայորը։ Հարցին, թե Հայաստանն ինչպիսի՞ դիրքորոշում պետք է ցուցաբերի Ադրբեջանի նման պահվածքի հանդեպ, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալը նշեց. «Թող այդ մասին քաղաքականությամբ զբաղվողները մտածեն։ Ես մի բան գիտեմ, որ մենք պատրաստ ենք դիմագրավել ադրբեջանական ցանկացած սադրանքի։ Իսկ մնացած հարցերով թող զբաղվեն քաղաքական գործիչները»: Բաղմանյանն ասաց նաեւ, որ հայկական բանակը պատրաստ է պատերազմի հնարավոր վերսկսմանը՝ ի տարբերություն ադրբեջանական բանակի։ «Ադբեջանական կողմը պատրաստ չէ, եթե պատրաստ լիներ՝ ուրիշ խնդիրներ կլուծեր»,-նկատեց գեներալ-մայորը։
Tuesday, June 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment