Monday, June 7, 2010

ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԿԲԵՐԵՆ

«Լրագիր» 7-6-2010 - Հնարավոր է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդես գան նոր առաջարկներով: Այդ մասին Վենետիկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Վենետիկում կայացել է Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահների հետ: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը: Էլմար Մամեդյարովը լրագրողներին հայտնել է, որ համանախագահների հետ քննարկվել է հայկական կողմի հետ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ «Ես Մինսկի խմբի համանախագահներին հայտնել եմ, որ մենք պատրաստ ենք հանդիպմանը, եթե տեսնենք, որ հայկական կողմը չի ձգտում ձգձգել այս գործընթացը եւ առաջընթացի ցանկություն ունի», ըստ APA գործակալության՝ ասել է նա եւ հույս հայտնել, որ համանախագահները Հայաստանի ղեկավարությանը կփոխանցեն Ադրբեջանի դիրքորոշումը, եւ եթե անհրաժեշտություն առաջանա, ապա կանցկացվի հերթական հանդիպումը։ Անդրադառնալով երկու երկրների նախագահների նոր հանդիպման հնարավորությունը` Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, թե Իլհամ Ալիեւի ու Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումը տեղի է ունեցել Սոչիում, եւ ինչպես հայտնի է` առաջարկվել է ժամանակավորապես ընդմիջել հանդիպումները։ «Բանն այն է, որ Մադրիդյան սկզբունքները ներկայացնելուց հետո, Աթենքում տեղի ունեցած հանդիպումները արդյունք չտվեցին։ Բոլորը գտնում էին, որ այդ փաստաթուղթը, որի վրա երկու տարի աշխատանք է տարվել, հնարավորություն է ստեղծում հիմնական փաստաթղթի վրա աշխատանքը սկսելու համար, բայց հայկական կողմից համաձայնություն չստացվեց», - պարզաբանել է նա: Մամեդյարովն ասել է, թե որոշակի պատճառներով միջնորդները առաջարկեցին ընդմիջել բանակցությունները։ «Սակայն այդ ընդմիջումը շատ երկար է շարունակվում», ասել է Ադրբեջանի արտգործնախարարը` հավելելով, որ հասկանալի է բանակցությունները ակտիվացնելու համանախագահների ձգտումը, քանի որ նրանց կողմից պատրաստված փաստաթուղթը դրված է բանակցությունների սեղանին։ Ասելով, որ Ադրբեջանը ծանոթացել, աշխատել է այդ փաստաթղթի վրա, Մամեդյարովն ընդգծել է, որ այնտեղ սկզբունքային նոր բան չկա` «բացառությամբ որոշ նրբությունների, որոնց վրա Ադրբեջանը առաջարկել է աշխատել, ինչպես ասում են` գնդակը գտնվում է հայկական կողմում»։ Նրա խոսքով` հիմա անհրաժեշտ է Հայաստանի դիրքորոշման հստակեցումը։ «Իրավիճակը հիմնականում այսպիսին է. համանախագահները պետք է հայկական կողմին փոխանցեն մեր այսօրվա մոտեցումները։ Միջնորդները հետո կքննարկեն ընդհանուր իրավիճակն ու հնարավոր է` հանդես գան նոր առաջարկներով», ասել է Ադրբեջանի արտգործնախարարը, տեղեկացնում է Ազատությունը:

No comments: