Monday, June 28, 2010

Ձեր առաջարկների մեջ արյուն կա. Արա Պապյան

Tert.am. 28-6-2010- «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, անդրադառնալով Հայաստանի արտգործնախարարի` Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարության առնչությամբ արձագանքին, մասնավորապես, Նալբանդյանի այն մեկնաբանությանը, թե «Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտությամբ», նշում է. «Բուն հայտարարության մեջ նման բան չկա։ Հայտարարությունը չի հստակեցնում կամարտահայտողների շրջանակը` դա նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչությո՞ւնն է, ներկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությա՞ն, թե՞ Ադրբեջանի Հանրապետության բնակչությունը։ Ընդհանրապես հստակեցված չէ՝ ո՞վ է կամարտահայտողը, գուցե Բաքվի իշխանավորներն են, գուցե իրենց Լեռնային Ղարաբաղի օրինական ներկայացուցիչներ հայտարարած և Բաքվում ծվարած ինչ-որ մարդկանց գոյություն ունեցող կամ վաղը ստեղծվելիք խումբ։ Կարծում եմ, որ նախարարին շփոթության մեջ է գցել ռուսերեն (զուտ աշխատանքային) տարբերակը. “определение будущего, окончательного правового статуса Нагорного Карабаха путем имеющего обязательную юридическую силу волеизъявления его населения.” Այս պարբերության անգլերեն պաշտոնական տեքստը հետևյալն է “final status of Nagorno-Karabakh to be determined in the future by a legally-binding expression of will.” Անգլերեն պաշտոնական տարբերակում բացակայում է его населения (նրա բնակչության) բառը։ Այս պարբերության պաշտոնական և ռուսերեն տարբերակների միջև կա ևս մեկ կարևոր տարբերություն։ Ռուսերենը խոսում է իրավական կարգավիճակի մասին (определение … правового статуса) պաշտոնական տեքստում չկա իրավական (legal) բառը։ Տրամաբանորեն և միջազգային իրավունքի տեսանկյունից, իհարկե, ցանկացած տարածքի ճակատագիրը պետք է որոշվի տվյալ տարածքի բնակչության կողմից։ Դա է ինքնորոշման բուն էությունը։ Եթե ուրիշը պիտի որոշի քո ճակատագիրը, էլ ի՞նչ ինքնորոշում։ Սակայն արդյո՞ք շատ տրամաբանություն ենք տեսնում Ադրբեջանի ղեկավարության և, որ ավելի ցավալի է, եռանախագահների քայլերի մեջ։ P.S. Մանրամասների այս վերլուծումը բնավ չի նշանակում, որ ես ընդունում եմ Արցախի հարցի լուծման ներկայացվող տրամաբանությանը, երբ a priori, առանց իրավական հիմքի, Լեռնային Ղարաբաղը դիտարկվում է Ադրբեջանի մաս և փորձ է արվում այդ շրջանակում ինչ-որ լուծումներ գտնել։ Երբ երեխա էի, որպեսզի մեր տարածաշրջանում, որն այն ժամանակ մեր բակն էր, խաղաղություն հաստատվի, մեծերն ասում էին. «Քարի մեջ արյուն կա»։ Հիմա մենք մեր մեծերին (այսօր ստիպված ենք ընդունել, որ եռանախագահներն այդ կարգավիճակն ունեն) պիտի ասենք. «Ձեր առաջարկների մեջ արյուն կա»»։

No comments: