ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը մեր խնդրանքով մեկնաբանել է հունիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը: Նա մասնավորապես ասել է.
- Ղարաբաղյան հակամարտության մասին 2010 թվականի հունիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը կրկնում է 2009-ի ամռանը նրանց իսկ կողմից շարադրված դրույթները:
Կարելի է փաստել, որ ԼՂՀ-ի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության նկատմամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների մոտեցումներն անցյալ տարվա ընթացքում փոփոխության չեն ենթարկվել: Մինչ այդ արդեն իսկ ներկայացված դրույթներին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հավատարմությունը ցույց է տալիս նախագահներիª առանձին տարածաշրջանում ժամանակը ետ տալու ձգտումը, ինչն անլուծելի խնդիր է նույնիսկ ազդեցիկ տերությունների ղեկավարների համար:
Հնարավոր է` այդ դրույթներից մի քանիսն Արցախի ժողովրդի համար այժմեական և գրավիչ կարող էին լինել 20 տարի առաջ: Բայց Ադրբեջանի կողմից ԼՂՀ բնակչության դեմ նախաձեռնած լայնածավալ պատերազմից, հազարավոր մարդկային զոհերից, էթնիկական զտումներից, զինված բռնազավթումից հետո առնվազն անլուրջ բան է առաջարկել հայկական կողմին Լեռնային Ղարաբաղի համար անհասկանալի միջանկյալ կարգավիճակ` ՙնրա բնակչության կամարտահայտությամբ՚ մշուշոտ ձևակերպումով, այն էլ սեփական անվտանգության մակարդակի կտրուկ նվազման փոխարեն:
Տարակուսելի է այն հանգամանքը, որ հակամարտության կարգավորման սույն առաջարկները բխում են երկրներից, որոնք դեռևս երկու տարի առաջ դարձել են Կոսովոյի, Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության միջազգային ճանաչման նախաձեռնողները: Տրամաբանական կլիներ կիրառել նշված հակամարտ գոտիներում արդյունավետ կերպով կայունություն ապահովող տվյալ միջազգային փորձը նաև ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու համար:
Monday, June 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment