News.am. 28-6-2010- Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների կողմից արված հայտարարությունը կրկնում էր նրանց կողմից նախկինում արած հայտարարությունը, եւ այն իրականանալու որեւէ շանս չունի։ Այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ Դեմկուսը չի ընդունում այդ հայտարարության մեջ առկա առաջարկները, եւ եթե ԼՂ խնդիրը փորձ արվի լուծել հայտարարության մեջ առկա գծանկարի հիման վրա, ապա խնդրի կարգավորումը կձգձգվի եւս 10 տարի։ Բացի այդ, ըստ բանախոսի, անհստակություն կա հայտարարության մեջ, որում խոսվում է ԼՂ-ի շուրջ տարածքների վերադարձի մասին, նշված չէ, թե հատկապես ո՞ր տարածքների մասին է խոսքը։
Արամ Սարգսյանը համոզված է, որ հայտարարությունը, որում թվում է՝ առկա են ավելի շատ Ադրբեջանին ձեռնտու ձեւակերպումներ, չի ընդունվելու նաեւ Ադրբեջանի կողմից՝ դատելով այդ երկրի էլիտայի կողմից պարբերաբար հնչող «թունավոր հայտարարություններից»: Այս իրավիճակում, Դեմկուսի ղեկավարի խոսքով, հայկական կողմի անելիքը պետք է լինի ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին դիվանագիտական նոտա հղելը եւ նրանց ԼՂ խնդրի սկզբունքի, էության մասին բացատրելը, հետո նոր միայն ԼՂ-ի իրավունքների պաշտպանության մասին խոսելը։
Արամ Սարգսյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի արձագանքին՝ կապված նախագահների հայտարարության հետ, որում նա գոհունակություն է հայտնում ներկայացված սկզբունքների վերաբերյալ։
«Այդ դեպքում, պարոն Նալբանդյան, եթե ձեզ համար ընդունելի են առաջարկված սկզբունքները, ապա բարի եղեք, հրաժարվել բանակցային գործընթացը միայնակ վարելուց եւ հրավիրեք նաեւ ԼՂ-ին՝ որպես հիմնարար կողմ։ Այն պարզ պատճառով, որ եթե Դուք այդ քայլը անում եք, Դուք իրավունք եք տալիս սկսել կարեւոր բանակցային գործընթաց, որը կապված է մեծ պայմանագրի ստորագրման հետ»,- նշեց Սարգսյանը։ Դեմկուսի ղեկավարը եւս մեկ անգամ շեշտեց, որ եթե փորձ արվի կյանքի կոչել հայտարարությունը, ապա այն միանշանակ ձախողվելու է, եւ ստատուս քվոն պահպանվելու է։ Արամ Սարգսյանը միաժամանակ հավելեց. «Եթե հայկական կողմն իր համաձայնությունն է հայտնում, ուրեմն մտադիր է հանձնել հողերը։ Սակայն դա խախտում է պաշտպանության այն գիծը, որը կա Լեռնային Ղարաբաղի շուրջ»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հունիսի 26-ին «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում համատեղ հայտարարություն են ընդունել ԼՂ հակամարտության վերաբերյալ: Դրանում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները «որպես կարեւոր քայլ են դիտարկում երկու կողմերից այն փաստի ընդունումը, որ ամուր կարգավորումը պետք է հիմնված լինի մի շարք սկզբունքների վրա, մասնավորապես՝ ԼՂ-ի շուրջ տարածքների վերադարձման, ԼՂ-ի համար միջանկյալ կարգավիճակի, անվտանգության եւ ինքնավարության երաշխիքների ապահովման, Հայաստանն ու ԼՂ-ն իրար կապող միջանցքի սկզբունքների վրա»:
Monday, June 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment