Saturday, June 26, 2010

Քաղաքագետ. «Քլինթոնի այցելությունից հետո էլ հիմնական միջնորդ կմնա Ռուսաստանը»

Haynews.am. 26-6-2010- Քաղաքագիտության դոկտոր Ալեքսանդր Մարկարովը HayNews.am-ի հետ զրույցում խոսելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան ծրագրված այցի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում ամերիկյան ազդեցության հնարավոր մեծացման մասին, նշեց. «Անկախ Քլինթոնի այցելությունից, Ղարաբաղի հարցում հիմնական միջնորդ մնալու է Ռուսաստանի Դաշնությունը: Այս մասին է վկայում նաև այն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին հինգ կամ վեց անգամ հանդիպել են հենց ՌԴ ղեկավարի միջնորդությամբ: Այս ֆորմատն ընկալելի է նաև Հայաստանի և Ադրբեջանի համար: Այսինքն, բանակցություններն ընթանում են մեծ հաշվով երկու ձևաչափով. առաջին` Ռուսաստանի միջնորդություն, երկրորդ` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեություն: Ահա հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ է դիտարկվում Միացյալ Նահանգների դերակատարությունը»: Խոսելով Պետերբուրգում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին, քաղաքագետ Ալեքսնադր Մարկարովը նկատեց. «Շատ դժվար է ասել, թե ինչ են խոսել փակ դռների հետևում Սարգսյանն ու Ալիևը, սակայն այն, որ Մեդվեդևի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահն անմիջապես վերադարձավ Բաքու, ենթադրության տեղիք է տալիս, որ բանակցությունների սեղանի շուրջ Ադրբեջանի նկրտումները չեն բավարարվել»:

No comments: