Tert.am. 24-6-2010- Ադրբեջանը և Թուրքիան մեր պատմական թշնամիներն են և ցանկանում են մեզ ոչնչացնել։ Այսօր նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ նշելով, որ թշնամուն պետք է տալ արժանի հակահարված։ Ըստ նրա՝ ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումից հետո հայկական կողմը պետք է լուրջ քննություն իրականացնի, պարզի՝ ովքեր են պատասխանատուները և ինչպես են կարողացել ադրբեջանցիները ներխուժել հայկական դիրքեր։ Ըստ փորձագետի՝ նաև պետք է պարզել, թե ինչպես եղավ, որ հայկական կողմը 4 զոհ տվեց, մեղավորները պետք է պատժվեն խստորեն։ Մասնագետի կարծիքով՝ Հայաստանում ի վերջո մեկ բան պետք է սովորել. վտանգավոր իրավիճակների ժամանակ պատասխանատու պաշտոնյան պետք է գլխով պատասխանատու լինի։
Մեսրոբյանի կարծիքով՝ հայ-ադրբեջանական ներկայիս լարված իրավիճակը 20 տոկոսի դեպքում եթե ոչ լայնածավալ պատերազմի, ապա մարտական գործողությունների կարող է հանգեցնել, իսկ 80 տոկոսի դեպքում իրավիճակը դիտմամբ է սրվում, քանի որ չի բացառվում, որ ինչ-որ քայլեր են նախապատրաստվում։
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի խոսքով, եթե Ադրբեջանը վճռական է տրամադրված, չի բացառվում, որ սա մշտական ռազմական գործողությունների շղթա կլինի, որն էլ կբերի նրան, որ կողմերից մեկի նյարդերը չեն դիմանա և ռազմական գործողություններ կսկսվեն։ Ըստ նրա՝ այսօր բացասական միտումներն ավելի շատ են, քան դրականը։
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը նշեց, որ թեև 7-8 ամիս է՝ մամուլում ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ տեղեկատվություն է շրջանառվում, սակայն ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված լարվածությունը այսօր արհեստական է։ Ըստ նրա՝ չի բացառվում, որ դա Հայաստանի համար փորձաքար էր՝ ստուգելու, թե ինչ արձագանք կլինի հայկական կողմից։ Քաղաքագետը նաև չի բացառում, որ այդ փորձաքարի հեղինակը կարող է Ռուսաստանը լինել։
Thursday, June 24, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment