Monday, June 28, 2010

ԵԽԽՎ-ն դատապարտում է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները Ադրբեջանում

Tert.am. 28-6-2010- վրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել անազատության մեջ գտնվող լրագրողներին` անընդունելի համարելով լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները երկրում: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, «Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձևում, որը անցած շաբաթավերջին ընդունվել է ԵԽԽՎ-ի նստաշրջանում, Վեհաժողովը դատապարտում է լրագրողների ձերբակալությունների, ահաբեկման, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքների դեպքերը: Վեհաժողովը վկայակոչում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը ահաբեկչության մեղադրանքով 8.5 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի բողոքի կապակցությամբ: Այս տարվա ապրիլին Եվրադատարանը եզրակացրել է, որ Ֆաթուլաևին դատապարտելու որոշումը ապօրինի է և նա պետք է անհապաղ ազատ արձակվի, իսկ Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է լրագրողին որպես փոխհատուցում վճարել 25 հազար եվրո: Ադրբեջանի իշխանությունները, սակայն, դեռ չեն կատարել Եվրադատարանի վճիռը: Վեհաժողովը մտահոգություն է հայտնում երիտասարդ ակտիվիստներ, բլոգերներ Ադնան Հաջիզադեին և Էմին Միլիին խուլիգանության մեղադրանքներով համապատասխանաբար 2.5 և 2 տարի ազատազրկման դատապարտելու առնչությամբ: Իրավապաշտպանները Հաջիզադեին եւ Միլիին քաղբանտարկյալ են համարում: ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևում մտահոգություն է արտահայտված նաև «Թալիշների ձայն» թերթի գլխավոր խմբագիր Նովրուզալի Մամադովի մահվան առնչությամբ: Պետական դավաճանության մեղադրանքով 10 տարվա ազատազրկման դատապարտված 68-ամյա Մամադովը անցյալ տարվա օգոստոսին մահացել է բանտում: Մեջբերելով Եվրախորհրդարանի դեկտեմբերի 17-ի զեկույցը, ըստ որի` զանգվածային լրատվամիջոցների ազատության հետ կապված իրավիճակը Ադրբեջանում վատացել է, Վեհաժողովը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապաքրեականացնել զրպարտության համար պատասխանատվություն սահմանող հոդվածները, իսկ նոյեմբերին երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` պայմաններ ստեղծել լրատվամիջոցներում բազմակարծության համար, հավաքների ազատության համար, բարեփոխել Ընտրական օրենսգիրքը: «Առաջիկա խորհրդարանական ընտրությունները պետք է լիովին համապատասխանեն եվրոպական չափանիշներին», - ասված է Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևում:

No comments: