Tuesday, June 22, 2010

ԻՆՉԻՑ Է ՆՅԱՐԴԱՅՆԱՑԱԾ ՍԵՄՆԵԲԻՆ

«Լրագիր» 22-6-2010- Ղարաբաղում հունիսի 18-ին տեղի ունեցած միջադեպին միջազգային հանրության արձագանքը նյարդային էր: Նախ, միջադեպին չարձագանքեցին շահագրգիռ երկրների թե առաջին, թե նույնիսկ երկրորդ դեմքերը, փոխարենը եղան միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը եւ Եվրամիության Հարավային Կովկասի Հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի նյարդային հարցազրույցը: Ինչով է պայմանավորված այդպիսի զուսպ արձագանքը, թվում է, թե Ադրբեջանի կողմից ակնհայտ սադրանքի հանդեպ:Առաջին հերթին դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ միջազգային դերակատարները գուցե պարզեցին, որ պետական մակարդակով որեւէ սադրանք չի եղել, այլ եղել է ընդամենը ադրբեջանական բանակի հարբած ծառայողի “ինքնագործունեություն”: Դրա համար էլ նրանք չփորձեցին մեծ աղմուկ բարձրացնել ոչնչից, հընթացս մեղադրելով Հայաստանի արտգործնախարարին “անհամարժեքության” համար: Սեմնեբին սադրանքի մասին Նալբանդյանի հայտարարության կապակցությամբ ասաց, որ “բառերի ճիշտ ընտրությունն օգտակար կլինի համապատասխան պայմանների ապահովման համար”: Բացի այդ, նա նշեց, որ “չի ցանկանում խոսել պատճառների մասին, քանի որ ինֆորմացիան երկրորդ ձեռքից է”: Այլ կերպ ասած, Սեմնեբին չի հավատում Սերժ Սարգսյանին եւ Նալբանդյանին եւ մտադիր է ինֆորմացիա ստանալ “առաջին ձեռքից”: Մտադիր է արդյոք նա այցելել Մատաղիսի դիրքեր, անհասկանալի է: Պակաս նյարդային չէր նաեւ Մինսկի խմբի համանախահների հայտարարությունը, որոնք կրակը չբորբոքեցին եւ սահմանափակվեցին միայն խնդիրը խաղաղ ճաապարհով կարգավորելու կոչով, ընդ որում չմեղադրելով ոչ մեկին: Դա էր միջազգային հանրության արձագանքը: Ինչպիսին է արձագանքը հայկական կողմից: Առաջին էմոցիաների բնական հորդումը, ընդհուպ աշխարհազոր կազմելու պատրաստակամությունը, փոխարինվեց ստեղծված իրավիճակը վերլուծելու փորձով: Ընդ որում, չգիտես ում կողմից տիրաժավորվում է տեղեկատվությունը նոր հարձակումների, դիվերսիաների եւ այլնի մասին: Ի՞նչ է ուզում ապացուցել հայկական կողմը: Նպատակները կարող են լինել երկուսը. կամ հայկական կողմը ցանկանում է ցույց տալ, որ միայնակ անկարող է վերահսկել իրավիճակը ճակատային գծում, եւ իրեն պետք է միջազգային աջակցություն, կամ էլ ցանկանում է աղմուկ հանել եւ դուրս գալ բանակցային գործընթացից: Առաջին նպատակն, ըստ էության, անգրագետ է: Ինչ վերաբերում է երկրորդին, ապա բանակցություններից, հնարավոր է, որ ժամանակն է դուրս գալ, բայց դա պահանջում է շատ լուրջ վերլուծություն եւ խորհրդակցություններ: Արդյոք կատարվել են այդ խորհրդակցությունները, եւ ում հետ: Արդյոք դրա հետ էր կապված Լեհաստանի Սեյմի խոսնակ Բրոնիսլավ Կոմարովսկու անսպասելի այցը Հայաստան: Թե այդ այցը կապված էր առաջին տարբերակի, այսինքն խաղաղապահների տեղակայման առաջարկի հետ: Ո՞ր երկրի խաղաղապահների: Ինչո՞ւ միջադեպից հետո Նալբանդյանը հարցազրույցներ էր տալիս միայն ռուսական լրատվամիջոցներին, եւ ինչո՞ւ արձագանքեց միայն ՌԴ ԱԳՆ-ն, իր ներկայացուցչի միջոցով: Ի՞նչ են Սանկտ Պետերբուրգում պահանջել Սերժ Սարգսյանից: Այս ամենը մնում է գաղտնիության քողի տակ: Թեեւ երբեմն քողի տակ թաքնվում է տարրական անգրագիտությունը: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: