Thursday, June 24, 2010

Խորհրդարանը կողմ քվեարկեց վիճահարույց օրենքի ընդունմանը (լրացված)

Այսօր ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն` առաջին ընթերցմամբ` օրինագծի համար քվեարկելով 71 կողմ, 13 դեմ և 1 ձեռնպահ ձայներով: Տեղեկացնենք, որ օրինագծին դեմ քվեարկեցին ԱԺ-ում «Ժառանգություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունների այն պատգամավորը, ովքեր ներկա էին նիստին, ինչպես նաև անկախ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը և Տիգրան Թորոսյանը: Մեկ ձեռնպահ ձայնը ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանինն է: Հարկ է հիշեցնել, որ ամիսներ շարունակ քննարկվող օրինագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց պատգամավորների առաջարկությունների հիման վրա կատարված նախագծի հիմնական խմբագրումները: Վերջնական տարբերակի համաձայն` հիմադրվելու են 11 այլընտրանքային դպրոցներ, որոնցից 9-ը միջպետական և միջկառավարական համաձայնագրերի հիման վրա ստեղծված, որտեղ ուսուցումը կիրականացվի 9-րդ դասարանից, և 2-ը` մասնավոր, որոնք կհիմնադրվեն Ջերմուկում և Դիլիջանում, որտեղ ուսուցումը կիրականացվի 7-րդ դասարանից: Նշենք նաև, որ նախարար Ա. Աշոտյանը խոստացավ «չդիպչել» «Լեզվի մասին» ՀՀ օրենքին, եթե նախքան երկրորդ ընթերցմամբ օրինագիծն ԱԺ ներկայացնելը համապատասխան հիմնավորումներով առաջարկություններ ստանա այն մասին, որ հնարավոր է Կառավարության առաջարկած նպատակն իրականացնել` առանց վերոնշյալ օրենքի փոփոխության:

No comments: