Sunday, July 11, 2010

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Համագումարի հարգելի մասնակիցներ, Երկու տարի առաջ այս դահլիճում տեղի ունեցավ կուսակցության 5-րդ համագումարը: Ընտրվեց նոր վարչություն` համագումարի ընդունած բանաձեւի ուղենիշներն ու նպատակները կենսակոչելու համար: Օրակարգում ներառվեցին ոչ միայն կուսակցաշինության, այլեւ երկրում համակարգափոխության խնդիրները: Դրանք երկրի առջեւ մի նոր սրությամբ եւ ուժգնությամբ էին ծառացել 2008թ. կեղծված ու արյունոտ վերջաբանով նախագահական ընտրություններից հետո: Անշուշտ գիտեք, որ համակարգափոխության պահանջը եղել եւ մնում է «Ժառանգության» օրակարգում, քանի որ ներկայիս արատավոր համակարգը խեղում, կեղծում ու ոտնահարում է քաղաքացու եւ ազգի իրավունքը, նաեւ խոչընդոտ է կուսակցությունների գործունեության համար: Եւ վերջապես, այդ համակարգում կեղծվեցին 1991թ.-ից մինչ այժմ տեղի ունեցած բոլոր ընտրությունները եւ կատարվեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, 2004թ. ապրիլ 13-ի ջարդը եւ մարտիմեկյան ողբերգությունը: Մի համակարգ, որի հենասյուները մոնոպոլիաներն ու քրեաօլիգարխիկ խմբավորումներ են, այլ ոչ թե քաղաքացու քվեն ու նրա կամքն արտահայտող քաղաքական ուժերը: Իսկ երկրի, կուսակցությունների կառավարման ոճը ոչ թե ժողովրդավարությունն ու ժողովրդաիշխանություն է, այլ միանձնյա դիկտատը: Համակարգ, որտեղ բանսարկությունը, պառակտումն ու շանտաժը, մանրախնդրությունը, մեծամտությունն ու ինքնասիրահարվածությունը, անազնիվ մրցակցությունն ու ցեխարձակումները, քաղաքական երկխոսությունից խուսանավումը, ընդդիմախոսի կամ մրցակցի փաստացի պատանդառությունը, ոչնչացման մոլուցքն ու իրավազրկումը շատերի համար դարձել են նորմ ու քաղաքական մշակույթ: Ավելի ստույգ` հակամշակույթ: Անկախ նրանից, թե նշված ու չնշված համակարգային արատներից ո՞րն է դրսեւորվում իշխանության, եւ ո՞րը` ընդդիմության դաշտում, այս ամենի դեմ ու պայմաններում շարունակում է պայքարել «Ժառանգությունը»: Հասկանալի է, թե որքան դժվար է եղել գործելը մի կուսակցության համար, որը ներքին ժողովրդավարություն ունի եւ Հայաստանի ժողովրդավարության համար առաջադրում է բարձրագույն նշաձող, երբեք բանսարկություններով չի զբաղվել, կուսակցություններ չի պառակտել, շանտաժներով որոշումներ չի կորզել ու վերջնագրեր չի ներկայացրել, ազգային ու համապետական խնդիրները մշտապես վեր է դասել կուսակցական կամ առաջնորդի շահերից, անցյալի իր վիրավորանքը վրեժխնդրության չի վերածել ու դրանով իսկ չի ականապատել երկրի ապագան ու իր հարաբերություններն այլոց հետ: Բախտորոշ իրավիճակներում ու պահերին չի ճողոպրել կամ հրաժարվել պատասխանատվությունից, համաժողովրդական եւ ազգային իրավունքների պաշտպանության ճակատից, ինքնագոհության ախտով չի տառապել եւ լռելյայն իրականացրել է իր հանձնառությունը, սեփական սխալների ու ձախողումների համար արդարացումներ չի փնտրել ու անհաջողությունների մեղքը չի բարդել ուրիշների վրա, քաղաքական պայքարում չի խախտել ազնիվ մրցակցության կանոնները եւ փորձել է իր գործողություններով ուժեղացնել գործընկերներին, այլ ոչ թե թուլացնել նրանց, բազմիցս է նախաձեռնել քաղաքական երկխոսության քայլեր ու միացել այլ նախաձեռնությունների` փոխարենն անպատասխան մնալով կամ չստանալով առնվազն ընբռնում մյուս կողմից: «Ժառանգությունը» հաճախ դարձավ քաղաքական դաշտի տարբեր բեւեռների արատավոր գործելաոճերի թիրախը: Սակայն մենք շարունակել ենք ակտիվորեն պայքարել թե՛ ազգային-պետական եւ թե՛ յուրաքանչյուր քաղաքացու շահերի պաշտպանության համար: Մեզ համար հավասարապես կարեւոր են ինչպես քաղաքացիական իրավունքների ու ազատությունների եւ ժողովրդավարացման հարցերը, այնպես էլ ազգային խնդիրները. այս երկուսի` մեկ միասնության մեջ դիտարկելը եւ մեկը մյուսով պայմանավորելը եղել է մեր հավատամքը: Հայ-թուրքական արձանագրությունների դեմ ընդվզում, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փորձագետների փաստահավաք խմբում հետեւողական աշխատանք, արցախյան հակամարտության կարգավորում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման ճանապարհով, ընտրությունների օրինականության վերահսկում, քաղաքացիների անհատական ու խմբային խնդիրների բարձրաձայնում ու դրանց լուծման ուղղությամբ ջանքեր տարբեր ատյաններում. ահա կարեւորագույն ոլորտների ոչ ամբողջական շարքը, որոնցում գործունեություն է ծավալել «Ժառանգությունը»` աշխատանքի գնահատականը թողնելով քաղաքացուն: Կարեւորն այն է, որ մենք հավատարիմ ենք մնացել մեր ծրագրերին, մարդկային տարրական բարոյական նորմերին: Պայքարի այդ գծում, բարեբախտաբար, չենք եղել միայնակ. մեր դժվարին պայքարում մենք մշտապես զգացել ենք հասարակության եւ հատկապես նրա քաղաքացիական առավել ակտիվ հատվածի աջակցությունը: Այդ խնդիրների լուծման գործում համագործակցել ենք նաեւ ընդդիմադիր ուժերի հետ: 1. Մարտի 1-ի ոճրագործության բացահայտում, քաղաքացիական իրավունքներ եւ ազատություններ, ժողովրդավարացում եւ լավ կառավարում «Ժառանգությունը» մեծ ջանքեր է գործադրել մարտի 1-ի դեպքերի բացահայտման, մեղավորներին պատասխանատվության կանչելու, քաղբանտարկյալներին ազատ արձակելու, քաղաքացիների հիմնարար ազատությունների եւ նրանց խնդիրների լուծման ուղղությամբ: Այդ նախաձեռնություններից շատերն ու կատարված աշխատանքի զգալի մասը հայտնի են: Կուսակցության վարչությունը որոշեց չմասնակցել մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրության հարցերով Ազգային ժողովում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, համարելով, որ այն անհավասարակշիռ է դրանում ընդդիմության եւ իշխանության ներկայացվածության առումով, իսկ նրա գործառույթներն էլ սահմանափակ են` լիարժեք ու անկախ հետաքննություն իրականացնելու համար: Մեր համառ ու հետեւողական ջանքերի շնորհիվ ձեւավորվեց Փորձագետների փաստահավաք խումբը, որին մասնակցեց «Ժառանգության» ներկայացուցիչը: Պետք է շեշտեմ, որ Փաստահավաք խմբում «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչները ծանրակշիռ աշխատանք կատարեցին. նրանք բացահայտեցին մարտիմեկյան ոճրագործության բազմաթիվ նոր դրվագներ եւ ի հայտ բերեցին նորանոր փաստեր: Դրանից երկյուղած` իշխանությունները իրականացրեցին խմբի աշխատանքների բացահայտ սաբոտաժ, եւ այն առանց խելամիտ հիմնավորման լուծարեցին: Մեր սկզբունքայնության եւ ջանքերի շնորհիվ, անգամ լուծարումից հետո, խմբի անդամներին իրավունք վերապահվեց զեկույցների տեսքով հրապարակել իրենց կատարած հետաքննության արդունքները: Այդկերպ կարգավիճակ տրվեց նորանոր զեկույցների, որոնցից հերթականը հանրությանը ներկայացվեց վերջերս: Ժամանակը ցույց տվեց, որ վարչության այդ որոշումները ճիշտ էին: Այսօր հասարակության դատին են ներկայացված երկու տարբեր մարմինների հրապարակած զեկույցները, որոնք իրենք են վկայում, թե նրանցից ո՞վ է ավելի շատ մոտեցել ճշմարտությանը, եւ ո՞վ է փախուստի դիմել փաստերից: Փաստահավաք խմբի ոդիսականը նաեւ արձանագրեց, թե այս իշխանությունների պաշտոնավարման օրոք ո՞րքան կարելի է մոտենալ մարտի 1-ի բացահայտմանը: «Ժառանգության» համար մարտի 1-ի թեմայի արծարծումը 2008թ. օրացույցային այդ օրվա վրա տեղապտույտ կամ անցյալի վրա սեւեռվածություն չէ: Այդ ոճրագործության բացահայտումը նաեւ սոսկ արդարության վերականգնում ու զոհվածների հարազատներին մխիթարություն բերել չէ: Դրա բացահայտումը կարեւոր է այն ծնած համակարգի ճիշտ ախտորոշման, բարեփոխման ճիշտ լուծումներ առաջադրելու, այդ ոճրագործությունից համարժեք դասեր քաղելու առումով, ինչը սերտորեն կապված է համակարգափոխության մեր պահանջ-նպատակի հետ: Այս համատեքստում «Ժառանգությունը» ցանկանում է թույլ չտալ, որպեսզի ապագայում իշխանության եւ ընդդիմության ամեն մի փոքր կամ մեծ դիմակայություն աղետալի վերջնահանգրվան ունենա, իշխանությունը չմենաշնորհվի մեկ քաղաքական ուժի կամ խմբի կողմից, իսկ ընդդիմությունն ու հասարակությունը չհայտնվեն խաղից դուրս վիճակում, որպեսզի հասարակության բոլոր շերտերն ու խավերն իրենց կամքի արտահայտիչ քաղաքական ուժերով ներկայացված լինեն որոշումների կայացման բոլոր մակարդակներում, իսկ գործընթացներն էլ ընթանան ինստիտուտների ներսում, այլ ոչ թե փողոցում, ունենան քաղաքական, այլ ոչ թե քրեական բնույթ, որպեսզի քաղաքական ուժերը տեր լինեն ոչ միայն հաղթանակի դափնիներին, այլեւ իրենց պատասխանատու զգան գործընթացի անցանկալի հետեւանքների համար: Եւ վերջապես` որպեսզի իշխանականից մինչեւ ընդդիմադիր բոլոր ուժերն իրենց ու ողջ երկրին չդնեն այնպիսի խոր ու տեւական փակուղու մեջ, որից դուրս գալը հնարավոր չլինի տարիներ շարունակ եւ որը դառնա Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու եւ ազգային շահին ի վնաս որոշումներ կորզելու աքիլլեսյան գարշապար: Հայաստանում մարդու իրավունքների հարգման ու պաշտպանության գործուն մեխանիզմներ ներդնելուն, ընտրական օրենսգիրքը արմատապես փոխելուն, ընդդիմության համար երաշխավորված իրավունքներ ամրագրելուն, լրատվական դաշտը ազատ ու մրցակցային դարձնելուն, իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության հարթակներ ու ավանդույթ ձեւավորելուն, հանրակարգային այլ բարեփոխումներ իրականացնելուն ուղղված մեր ջանքերը թեեւ որոշակի արդյունքների բերեցին, սակայն դրանք բավարար չեն, քանի դեռ քաղաքական դաշտում բացակայում է համապատասխան քաղաքական կամքը, գիտակցությունն ու ցանկությունը, իսկ «Ժառանգությունն» էլ իր այդ ձգտումներում միայնակ է: Մենք շարունակելու ենք քաղաքական ու այլ կարգի մենաշնորհները վերացնելու եւ քաղաքական ու հասարակական մյուս համակարգերը ժողովրդավարացնելու եւ ազատականացնելու ուղղությամբ մեր ջանքերը: Միջազգային հանրությունից պահանջել ենք, որպեսզի Հայաստանի գործընկերները ժողովրդավարության, միջազգային իրավունքի եւ օրենքի սկզբունքներն ու լավագույն չափանիշները համահավասար ու միատեսակ կիրառեն աշխարհի տարբեր անկյուններում` անկախ նրանից` խոսքը վերաբերում է քաղաքացու իրավունքներին, թե՞ Արցախի ապագաղութացման ու ինքնորոշման իրավունքի հարգմանն ու ապահովմանը: Մենք ոչ մի վայրկյան չենք մոռացել, որ մեր ժողովուրդն ինքն է նման բարձր չափանիշներ առաջադրել սեփական պետության առջեւ, որ մեր երկիրն արժանի է այդպիսի բարձր չափանիշների եւ պետությունն էլ ստանձնել է համարժեք պարտավորություններ, որոնք պետք է պատշաճ կատարվեն: «Ժառանգության» ուշադրության կենտրոնում է եղել Ջավախքի խնդիրը: Մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը կարեւորագույն հարց է եւ անհրաժեշտ ենք համարել ու համարում Վրաստանի իշխանությունների հետ այնպիսի լուծումների հանգելը, որոնց արդյունքում մեր եղբայրների ու քույրերի համար անվտանգ ու բարեկեցիկ կյանք կապահովվի թե՛ Ջավախքում եւ թե՛ Վրաստանի հայաշատ այլ վայրերում: 2. Համակարգափոխության եւ համագործակցության հրամայականը. երկխոսության ձախողումներն ու խոչընդոտները: Վերը նշված համակարգային ու այլ հրատապ խնդիրների լուծման հարցում «Ժառանգությունը» մշտապես փորձել է համագործակցության ու գործընկերության եզրեր փնտրել ընդդիմադիր այլ ուժերի հետ: Մշտապես ձգտել ենք հասնել ավելի մեծ փոխըմբռնման եւ համագործակցության, հարգելով դիմացինին` արժանանալ փոխադարձ հարգանքի: Սակայն չենք հուսահատվել, երբ գործընկերության ընդհանուր եզրը փոքր է եղել, կամ մեզ կապող ընդամենը մեկ կամ մի քանի խնդիր է եղել: Այդ գիտակցությամբ մարտի 1-ի բացահայտման, քաղբանտարկյալների ազատ արձակման ու քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցերում համագործակցել ենք ՀԱԿ-ի հետ, իսկ հայ-թուրքական արձանագրությունների դեմ ՀՅԴ-ի հետ: Մեր կուսակցության փորձառությունը ցույց է տվել, որ բոլոր հարցերում «Ժառանգությունը» հաջողել է, երբ իր որոշումները բխեցրել է համակարգափոխության տեսլականից, իր ինքնությունից ու սկզբունքներից: Եւ ձախողել է, երբ տուրք է տվել պրագմատիզմին եւ իրավիճակայնությանը, ինչպես ընդդիմությունը սխալներ թույլ տվեց 2008թ. նախագահական ընտրություններին` կրկին տուրք տալով նույն պրագմատիզմին: Անշուշտ, քաղաքականության մեջ միշտ լինելու է պրագմատիզմի տարր, քանի դեռ քաղաքականության հիմքում ընկած են ոչ միայն արժեքները, այլեւ շահերը: Բայց արդյունավետ քաղաքական ղեկավարումը պահանջում է շահերը բխեցնել արժեքներից եւ ոչ թե հակառակը` շահերից կամ տարասեռ շահերի միավորումից գեներացնել նոր արժեքներ, որոնք խորթ են քեզ: Անկախությունից ի վեր մեր աչքի առաջ մշտապես եղել է իշխանական-կոալիցիոն պրագմատիզմը, երբ միմյանց ատող, բանսարկություններ հրահրող, քաղաքական տարբեր դավանանք ունեցող մարդիկ եւ քաղաքական ուժերը կոալիցիա կոչվող կաթսայի մեջ են մտնում կերակրատաշտին մոտ լինելու ու իշխանությունը չկորցնելու պրագմատիկ մոտեցման շրջանակներում: Այս դաշտում նրանց հավասարը չկա եւ չի լինի: Իշխանության դաշտում պրագմատիզմի շահերն ավելի զորեղ են, քան ընդդիմադիր դաշտում: Հետեւաբար, անթույլատրելի է պայքարը տեղափոխել այնպիսի հարթություն, որտեղ մրցակիցդ ավելի ուժեղ է, քանի որ գործնականում իրական իշխանության պահպանության շարժառիթն ավելի զորեղ է եւ միջոցների խտրականություն չի դնում: Դա վկայեց 2008թ. նախագահական ընտրությունը, որի ժամանակ «Ժառանգությունը», երկրորդ անգամ զրկված լինելով իր առաջնորդին` Րաֆֆի Հովհաննիսյանին թեկնածու առաջադրելու հնարավորությունից, գիտակցելով համապետական ու համազգային հարցերում իր մոտեցումների տարբերությունն առաջադրված բոլոր թեկնածուների գաղափարական մոտեցումներից, ընդդիմադիր թեկնածուի օգտին կողմնորոշումը նախընտրեց քաղաքական պասիվությունից եւ որոշում կայացրեց նվազագույն ակնկալիքի օգտին, այն է` գեթ մեկ անգամ ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության` նախադրյալ ստեղծելով համակարգափոխության համար: 2008թ. նախագահական ընտրություններով ձեւավորված ընդդիմադիր դաշտը` անհրաժեշտ եւ համարժեք հետեւություններ չքաղելով այդ «պրագմատիզմից» ու ձախողման պատճառներից, ցավոք, քաղաքական պայքարի հաջորդ հնարավորության` Երեւան քաղաքի ավագանու 2009թ. ընտրությունների ժամանակ առաջադրեց ընդդիմադիր համագործակցության նույն բանաձեւը: Այդ ընտրությունների որակումն իբրեւ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, մեր կարծիքով, թույլ տրված մյուս կարեւորագույն սխալն էր: Եւ երրորդը` պայքարի նախորդ շրջափուլում ընդդիմության ձախողումը պետք է հանգեցներ ճիշտ հետեւությունների` ընդլայնել համագործակցության դաշտը եւ մոդուսը, վերանայել պայքարի ռազմավարությունը, մարտավարությունն ու մոդելները: Այս առումով մինչեւ ընտրությունները չընդունվեց «Ժառանգության» այլընտրանքային մոտեցումը: Իսկ ընտրություններից հետո էլ անպատասխան մնաց համագործակցության ավելի լայն շրջանակի ու նոր բանաձեւ գտնելու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի կոչը, ապաեւ կուսակցության առաջարկը` ուղղված ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին: Այս տարի էլ անպատասխան մնաց ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին, ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին ուղղված` կլոր սեղան ու երկրի օրակարգ ձեւավորելու առաջարկը: Երեւանի ավագանու ընտրություններից առաջ կուսակցության կայացրած հերթական որոշումը կրկին պրագմատիզմի եւ իրավիճակայնության դաշտում էր` ընդդիմադիր գործընկերոջը տալ հերթական շանսը եւ «չտրոհել» ընդդիմադիր ընտրազանգվածը: Որոշում, որը «Ժառանգության» ինքնության ու արժեքային դաշտում չէ, խորթ է նրա հռչակած եւ ի դեպ` 5-րդ համագումարի բանաձեւով վերահաստատված մասնակցային գործելաոճին, եւ անհամարժեք էր նախորդ ընտրությունների ձախողումից արվող հիմնական հետեւությանը, այն է` եթե համակարգափոխության հայեցակարգը, գաղափարախոսական հենքն ու ծրագիրը հստակեցված չէ, իսկ համագործակցության շրջանակն էլ մեծ չէ` ապա որեւէ պայքարում ակտիվորեն ներգրավվելու հարցում չես համոզի ոչ մյուս քաղաքական ուժերին, ոչ էլ առավել եւս հասարակությանը: Ի դեպ` նմանատիպ գաղափարական ու հայեցակարգային անհստակությունն էր պատճառը, որ «Ժառանգության» վարչությունը ժամանակին ձեռնպահ մնաց նոր ձեւավորվող Հայ ազգային կոնգրեսում կուսակցությունն ընդգրկելուց: Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելու որոշման համար կուսակցության ներսում ափսոսանքն ավելի մեծացավ, երբ Երեւանի ավագանու 13 մանդատները մնացին լքված, ինչը, իբրեւ զարգացում, անսպասելի էր «Ժառանգության» համար: Ակնհայտ էր, որ կուսակցության այլընտրանքներից մեկը ինքնուրույն մասնակցելն էր դրանց: Հատկապես` երբ դա չանելու համար կուսակցությունն արժանացավ ընտրություններին չմասնակցած իր բյուրավոր ընտրողների հանդիմանանքին: Այստեղ կուզենայի երկու խոսքով անդրադառնալ վարչության 2009թ. սեպտեմբերի 9-ի որոշմանը, երբ կուսակցության շարքերից հեռացվեցին 6 անդամներ: Այո, մի իրավիճակ, որն աննախադեպ էր` իր բազմակարծությամբ, ներքին բանավեճերով, անհատական ազատության բարձր աստիճանով հայտնի «Ժառանգության» համար, որտեղ անձնական խնդիրները երբեք առաջնային չեն եղել, որտեղ մեծամասնությունը մշտապես փորձել է իր կայացրած որոշումներում արտացոլել նաեւ փոքրամասնության տեսակետը, որտեղ փոքրամասնությունը հարգել ու անվերապահորեն կատարել է մեծամասնության կայացրած որոշումը, երբեք չի պարտադրել իր տեսակետը, առավել եւս հանուն դրա` չի կազմալուծել կուսակցության ու վարչության աշխատանքը, չի կիրառել շանտաժի մեթոդաբանությունը եւ վերջապես, որտեղ երբեք մեծամասնությունը փոքրամասնությանը չի հեռացրել: Անշուշտ, այդ կոնֆլիկտին սնուցեց նաեւ մեր կուսակցություն ներթափանցած անհանդուրժողականության սերմը, որն այդպես շռայլորեն ցանվել էր ողջ հանրապետությունում, ինչպես նաեւ որոշ նախկին զինակիցների անձնական, նեղ շահադիտական սպասումների չիրականացումը: Եւ 2009թ. սեպտեմբերի 9-ին վարչությունը` հիմնվելով կուսակցության կանոնադրության վրա` պրագմատիզմի եւ իրավիճակայնության դաշտում կայացրեց, հուսամ, իր նմանատիպ վերջին որոշումը` շարքերից հեռացնելով 6 կուսակցականների: Պրագմատիզմի եւ իրավիճակայնության դաշտում կայացված այս երեք որոշումների համատեքստում չեմ կարող չանդրադառնալ ընդդիմադիր դաշտում որոշ «գործիչների» եւ լրատվամիջոցների պահվածքին, ովքեր ոչ պակաս բացասական դերակատարում ունեցան ընդդիմության համակարգված եւ արդյունավետ փոխգործակցության տապալումների մեջ: Անբարո է, երբ ինչ-որ մեկը իշխանություններին մեղադրում է վախեր սփռելու, ահաբեկչական հոգեբանության մեթոդներով կամ շանտաժով երկիրն ու հասարակությանը կառավարելու մեջ, բայցեւ ինքն է նույնպիսի ճղճիմ զինանոց կիրառում դիմացինի կամ գործընկերոջ հանդեպ` իրեն ցանկալի որոշում կորզելու համար: Այդ դեպքում իշխանությանը նույն մեղքերի մեջ քննադատելը կամ նրան ընդդիմախոսելը պարզապես քաղաքական երեսպաշտություն է: Ասվածը չի նշանակում, թե նրանց վրա եմ բարդում պրագմատիզմի եւ իրավիճակայնության դաշտում «Ժառանգության» ընդունած որոշումների, ընդդիմադիր ավելի արդյունավետ համագործակցության ձախողման, կամ էլ «Ժառանգության» ներսում ծագած ներկուսակցական խնդրի պատասխանատվությունը: Լրագրողներն ու քաղաքական գործիչները` իշխանամետ թե ընդդիմադիր, ըստ իրենց ճաշակի, բարոյական արժեհամակարգի կամ դաստիարակության, ընդամենը կարող են բենզին ավելացնել կրակին: Բայց` ոչ ավելին: Մեր բոլոր հաջողությունների ու ձախողումների համար պատասխանատվությունը մե՛րն է: Վարչության կողմից կայացրած որոշ սխալ կամ վիճահարույց որոշումների մասին ցանկանում եմ նշել, որ պրագմատիզմի եւ իրավիճակայնության դաշտում դրանք կարող են բացատրություն եւ հիմնավորում ունենալ, բայց «Ժառանգության» ինքնության ու արժեքային դաշտում, թերեւս` ոչ: Ուստի հարց է ծագում. ունե՞ր կուսակցությունն այլընտրանք բոլոր այդ դեպքերում: Պատասխան` միգուցե ուներ: Վերջում կցանկանայի ապագա նորընտիր վարչությանը, որի կազմում, հուսամ, կընդգրկվի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխանցել այս երկամյա շրջանում գործող վարչության քաղած հիմնական դասերը. ա) բոլոր որոշումները կայացնել «Ժառանգության» ինքնության ու արժեքային դաշտում` դրանք բխեցնելով մեր բոլորիս ընդհանուր տեսլականից, բ) աշխատել կոնֆլիկտները կանխարգելելու ուղղությամբ` բացառելու դրանք լուծելու պարտադրված անհրաժեշտությունը, գ) շարունակել բաց մնալ քննադատության համար` մեկընդմիշտ հիշելով, որ մեր գործերի ու բացթողումների գլխավոր դատավորը ժողովուրդն ու ժամանակն են, այլ ոչ թե լրագրողները կամ չարամիտ քաղաքական գործիչները, դ) չդավաճանել մասնակցային գործելաոճին, փորձել լայն ձեւաչափով մասնակցության հեռանկարները, իսկ եթե դա չի ստացվում` ապա առաջադրել սեփական այլընտրանքը, Հարգելի կուսակիցներ, Հանրագումարի բերելով վերոնշյալը` փաստենք, որ 2008-2010թթ-ին վարչությունը ընդհանուր առմամբ գործել է 5-րդ համագումարի բանաձեւի համաձայն եւ արձանագրելով հաջողություններ, երբեմն էլ` թույլ տալով բացթողումներ, փորձել է կյանքի կոչել կուսակցության ծրագիրը: Ուստի, հարգելի պատվիրակներ, առաջարկում եմ վարչության գործունեությունը համարել բավարար: 10 հուլիսի 2010թ. Երեւան

No comments: