Sunday, July 11, 2010

ՈՒՂԵԳԻԾ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՆԱՁԵՎԸ 1. Հայրենիքն ու հայրենյաց ժառանգությունը մեկն է եւ անբաժանելի: 2. Հինավուրց հայրենիքի մի անկյունում հռչակված ինքնիշխան Ազգ-պետությունը ճանաչում է հանրապետական Թուրքիային ու նրա ամբողջականությունը` ենթակա 1920թ. նոյեմբերին ԱՄՆ նախագահական կնիքով հրապարակված Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին: Դրանից ածանցվող` երկկողմանի բոլոր խնդիրների համալիր ու վերջնական կարգավորումը առարկայական նախադրյալ է Արցախի հիմնահարցի, ինչպես նաեւ ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերությունների արդարացի ու վճռորոշ հանգուցալուծման համար: Ցեղասպանության եւ հայրենազրկման ոճիրը` ինչպես ու երբ էլ իրականացված եւ միջազգայնորեն սահմանված լինի, չունի վաղեմության ժամկետ: 3. Ազգ-պետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր սահմանադրական սահմաններով, ինչպեսեւ այն հանրապետական Ադրբեջանի ամբողջականությունը, ով եւս ճանաչում է թե՛ Արցախի Հանրապետությունը եւ թե՛ Շահումյանի, Գետաշեն-Մարտունաշենի, Արծվաշենի ու Նախիջեւանի պատմական բնօրրանների` բռնազավթումից ազատագրման ենթակա լինելը: Տարածքային ոչ մի այլ ճշգրտում չի դիտարկվի կամ կիրարկվի, քանի դեռ վերոհիշյալը չի մտել ամբողջական ուժի մեջ: 4. Ազգ-պետությունը ճանաչում է հանրապետական Վրաստանին` որպես դրկից կարեւոր պետություն, ով իր հերթին գիտակցում է, որ Ջավախքը թե՛ հայրենի ժառանգության անքակտելի մաս է, թե՛ երկուստեք անվտանգության հանգույց: Նրանց փոխադարձ հարաբերության հետագա բնույթը կպայմանավորվի ձեռնարկված այն քայլերի արդյունավետությամբ, որոնք կարտացոլեն այս գիտակցումը, ինչպես նաեւ կապահովեն վրացահայ համայնքի ու իր հաստատությունների հիմնարար ազատութ¬յունները: 5. Ազգպետությունը հարգում է Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպական Միության ու Միացյալ նահանգների գործընկերությունը եւ ակնկալում է նրանց հարգանքն իր բացարձակ ինքնիշխանության ու ժառանգության լիիրավ ամբողջականության նկատմամբ: 6. Ազգ-պետությունը` Արարատի նախաշեմին եւ սփյուռքում, ճանաչում է, որ վերը եւ ստորեւ ամրագրված դրույթների նախահիմքը իր իսկ անմիջական ու համապարփակ վերափոխումն է արդի, ժողովրդավար, ինքնավստահ Հանրապետության, որտեղ իշխում է օրենքը, հարգվում են իրավունքները, բացառվում է քաղաքական բանտարկյալների առկայությունը, եւ քաղաքացին է գերագույն իշխանությունը: Արդարություն աշխարհում` ենթադրում է նախեւառաջ արդարություն տանը: 7. Իբրեւ ուղղակի հետեւանք եւ հանուն գալիք սերունդների, Ազգ-պետությունը երախտագիտությամբ արձանագրում է իր բոլոր նախագահների, քաղաքացիական ու ռազմական պաշտոնյաների, շարքային հայրենասերների մատուցած ծառայությունները` միաժամանակ պահանջելով, որ նրանցից ամեն մեկը հավասարապես կանգնի օրենքի իշխանության առջեւ: Այն տարածքները, կալվածքները, ձեռնարկությունները, պատեհություններն ու մարդկային կյանքերը, որոնք նրանց պաշտոնների չարաշահմամբ մինչ այժմ սեփականվել, ունեզրկվել կամ զոհաբերվել են, պետք է փոխհատուցվեն միեւնույն օրենքի խստագույնս կիրառմամբ: 8. Հարկ է, որ Հայաստանն ու նրա ժողովուրդը երկար պատմության մեջ առաջին անգամ հրատապ կարգով կենսակոչեն նախագահական եւ օրենսդիր մարմնի ճշմարիտ ընտրություններ, դրանով իսկ` դատական իրապես անկախ իշխանություն: Ապա թե ոչ` գոյություն չունի ո՛չ ազգային օրակարգ, ո՛չ էլ պարզորոշ ճակատագիր, ուստիեւ` մեր իրավատիրությունն արդեն իսկ եւ առհավետ մսխված է: 9. Ազգպետությունը, նրա յուրաքանչյուր քաղաքացին եւ ուրիշ ոչ մեկը` առանց պատրվակի կամ բացառության, պատասխանատու են իրենց հավաքական ապագայի էջքերի ու մաքառումների համար: 10 հուլիսի 2010թ. Երեւան

No comments: