Saturday, July 17, 2010

Անկարան Երևանին մեղադրում է քաղաքական կամքի բացակայության համար

Tert.am. 16-7-2010- Թուրքիան ունի քաղաքական կամք տարածաշրջանում սկսված այսպես կոչված խաղաղության ջանքը շարունակելու համար: Այս մասին, թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն` պատասխանելով Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդիմադիր կուսակցության պատգամավոր Սուլեյման Թուրան Չիրքինի հարցին։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, նշելով, որ Թուրքիան պատրաստակամ է իր բոլոր հարևանների հետ հարաբերությունները զարգացնել փոխադարձ հարգանքի և բարիդրացիական սկզբունքների հիման վրա, հայտարարել է. «Վերջին շրջանում կարևոր տարածություն է հաղթահարվել մեր հարևանների հետ առկա խնդիրների վերացման հարցում: Սակայն Հայաստանը շարունակում է մնալ այդ աղյուսակի թույլ օղակը: Հայաստանի հետ Արձանագրությունների ստորագրումն առաջին քայլը դարձավ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Իսկ այդ գործընթացի շարունակությունն անկասկած կախված կլինի նրանից, թե արդո՞ք Հայաստանը խնդիրները լուծելու կամք և կառուցողական դիրքորոշում կցուցաբերի։ «Թուրքիան ունի քաղաքական կամք տարածաշրջանում սկսված այսպես կոչված խաղաղության ջանքը շարունակելու համար` հակառակ այդ ճանապարհին հանդիպող բոլոր դժվարություններին: Եվ եթե Հայաստանը ցուցաբերի նույն քաղաքական կամքը, գործընթացը կարող է առաջ շարժվել՝ ի նպաստ ողջ տարածաշրջանի: Թուրքիայի մեկնած բարեկամական ձեռքը չսեղմելը, նախ և առաջ, վնասելու է հենց Հայաստանին»,- ավելացրել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Դավութօղլուն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին տեղեկություններին՝ նշելով, որ Թուրքիան կողմերից որևէ մեկին առաջարկություն չի արել խաղաղապահ ուժերի կազմում թուրք զինվորներ ընդգրկելու վերաբերյալ։

No comments: