Thursday, July 1, 2010

ՀԱՅԿԱԿԱՆ “ԲՈՄՈՆԴԻ” ՊԱՏԻՎԸ

«Լրագիր» 1-7-2010- Հիլարի Քլինթոնի Հայաստան կատարելիք այցի ժամանակացույցը բավական հետաքրքրական է: Քլինթոնը փաստորեն Հայաստանում է լինելու երկու տոների ընթացքում` հուլիսի 4-ին ԱՄՆ անկախության տոնն է, իսկ հուլիսի 5-ին Հայաստանի Սահմանադրության տոնը: Ամեն տարի հուլիսի 4-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տոնական ընդունելություն է կազմակերպում քաղաքական դաշտի եւ իշխանության ներկայացուցիչների համար: Շատ հետաքրքիր է, թե արդյոք այդ ձեւաչափն այս տարի կպահպանվի, եւ արդյոք այդ ընդունելությանը մասնակից կլինի տիկին Հիլարին: Եթե այո, ապա նա թերեւս մեծ պատիվ արած կլինի Հայաստանի քաղաքական “բոմոնդին”, եթե ԱՄն անկախության տոնը նշի նրանց հետ: Բնականաբար հարց է առաջանում, թե արդյոք այդ “բոմոնդը” արժանի է այդ պատվին, եւ եթե այո, ապա ինչի համար: Այստեղ հարցն առաջին հերթին իշխանության մասով է: Արդյոք պատիվը, որ կարվի պաշտոնական Երեւանում` Երեւանում դիմավորել ԱՄՆ անկախության օրը, շատ չէ իշխանության համար: Բանն այն է, որ ԱՄՆ անկախությունը զուտ պատմական տարեթիվ չէ, զուտ պատմագրական փաստ չէ, հերթական մի պետության ձեւավորման ամրագրում չէ: ԱՄՆ անկախությունը համամարդկային արժեքների հայեցակարգային մի դրսեւորում է, որի հետ Հայաստանի իշխանությունը կարծես թե որեւէ կապ չունի: Հայաստանի իշխանությունը որեւէ կապ չունի Սահմանադրության գերակայության, քաղաքացու ազատության եւ իրավունքների, խոսքի ազատության, բազմակարծության, մրցակցային միջավայրի ձեւավորման եւ այդ կարգի այլ արժեքների հետ: Իսկ գուցե բանն այն է, որ Հիլարի Քլինթոնը Երեւանում դիմավորելով ԱՄՆ անկախության տոնը, փորձում է ակնարկել` հրապարակավ, իսկ ոչ հրապարակավ էլ գուցե ուղղակի հասկացնել, որ ժամանակն է կապ ունենալ այդ ամենի հետ, եթե ընդհանրապես պաշտոնական Երեւանի մոտ կա աշխարհի հետ կապ ունենալու ցանկություն եւ կամք: Իհարկե, շատ տարածված է այն տեսակետը, որ Հիլարի Քլինթոնի այցելության նպատակը հայ-թուրքական եւ Ղարաբաղի գործընթացների կապակցությամբ առաջխաղացում ապահովելն է, այլ կերպ ասած` Հայաստանից զիջումներ կորզելը: Այդ համատեքստում էլ թերեւս կարող է ներկայացվել այցն այնպես, որ այդ “տոնական” պատիվը Հայաստանի իշխանությանն արվում է դրա դիմաց զիջումներ ստանալու ակնկալիքով: Այդ ամենը բնականաբար նախ անմիջական տեղեկացվածության խնդիր է, ինչն օրինակ ինձ մոտ այդ հարցի կապակցությամբ բացակայում է: Բայց տեղեկացվածության խնդրից բացի, ի վերջո կա նաեւ ընկալումների հանգամանքը: Ցանկացած գործընթաց, որ տեղեկատվություն է ծնում, թերեւս սկիզբ է առնում ընկալումներից, պատկերացումներից: Միգուցե երբ մեր պատկերացումները փոխվեն, եւ մենք դադարենք աշխարհն ընկալել որպես ընդամենը մեզանից ինչ որ բան պահանջող մի կազմակերպություն, որին դուր գալու, որի հետ լեզու գտնելու, որի զայրույթը չհարուցելու, որի բարեհաճությանն արժանանալու միակ միջոցն ու ձեւը այդ պահանջները կատարելն է, որ ներկայացնում են ասենք աշխարհի մաս կազմող Ամերիկան, Եվրոպան, Ռուսաստանը: Միգուցե երբ փոխվեն այդ ընկալումները, երբ փոխվի ընդամենը կատարողի հոգեբանությունը, ընդ որում իրապես փոխվի, ոչ թե միայն իշխանական պաթետիկ ելույթների կամ ուղերձների տեքստերի տեսքով, ապա այդ ժամանակ միգուցե աշխարհի մեծերի կամ ուժեղների այցերը սկսենք բոլորովին այլ համատեքստում ընկալել: Իսկ այդ բոլորովին այլ ընկալման շնորհիվ էլ կարող է բոլորովին այլ լինել այդօրինակ այցերի առաջացրած տեղեկատվական հոսքը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: