
News.am. 15-7-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված «Ձախ Ժողովրդավարական» կուսակցության պատգամավոր Սուլեյման Յաղըզի գրավոր հարցադրմանը, որը վերաբերվել է Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններին, պատասխանել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող Հարավայի Կովկասում մնայուն խաղաղության եւ կայունության հաստատումը, Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական նշանակակետերից է։ «Այս տարածաշրջանում առկա քաղաքական հակամարտությունները խաղաղության եւ կայունության հաստատաման համար արգելք են հանդիսանում, որոնք շարունակական վտանգ են ներկայացնում Թուրքիայի եւ տարածաշրջանի մյուս երկրների անվտանգությանը»-նշել է Դավութօղլուն։
Ահմեդ Դավութօղլուն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը տարածաշրջանի մնայուն խաղաղության եւ կայունության հասնելու համար բավարար չի համարել՝ նշելով, որ անհրաժեշտ է նաեւ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Ըստ Դավութօղլուի՝ հայ-թուրքական հարաբերություններում նկատվելիք դրական զարգացումները իրենց դրական ազդեցությունը կթողեն նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին։
«Հայաստանի հետ ընթացող հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան երբեք չի անտեսել Ադրբեջանի շահերը։ Թուրքիան այսուհետ եւս շարունակելու է Ադրբեջանին աջակցել, քանի որ խոսք չի կարող լինել, թե թուրքական իշխանությունները այդ խնդրում ետ քայլ կանեն»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը։
Անդրադառնալով ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին, Դավութօղլուն հիշեցրել է, որ Թուրքիան իր նախաձեռնությամբ է այն իրականացրել՝ տարածաշրջանում խնդիրների կարգավորման նպատակով։ «Արձանագրությունների ստորագրումով չի ավարտվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- նշել է Դավութօղլուն՝ ամփոփելով, որ արձանագրությունները ուժի մեջ կմտնեն միայն երկու երկրների խորհրդարաններում վավերացվելուց հետո։
No comments:
Post a Comment