Saturday, July 17, 2010

Քաղաքական փորձագետ. «Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններն ավելի են սրվելու»

Panorama.am. 16-7-2010- Այս տարվա սկզբից սկսած` Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում լուրջ լարվածություն է նկատվում: Մի կողմից ԱՄՆ-ը կոշտացնում է իր պահանջները ժողովրդավարության ոլորտում, մյուս կողմից Ադրբեջանի կառավարությունը նոր թափ է հաղորդում իր հակաամերիկյան արշավին: «Ազադլըգ»-ի հետ զրույցում քաղաքական փորձագետ Ռահիմ Հաջիևն ասել է. «Երևում է` Վաշինգտոնում սպառվել է Ադրբեջանի իշխանության հետ երկխոսության ճանապարհով խնդիրները լուծելու հույսը»: Նրա կարծիքով, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Բաքու կատարած այցի հիմնական նպատակը ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում առկա խնդիրների վերացումն էր և Ադրբեջանում գործընթացների վրա ներգործելու ձգտումը: «ԱՄՆ կառավարությունը Ադրբեջանի իշխանությունից պահանջում է դեմոկրատական բարեփոխումներ իրականացնել և անհապաղ քայլեր ձեռնարկել` դեմոկրատական արժեքները կայուն հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Բաքու կատարած այցի ընթացքում Քլինթոնը դիմել է Իլհամ Ալիևին` ապօրինաբար ազատազրկված լրագրող Էյնուլա Ֆաթուլաևին և երիտասարդ բլոգերներին ազատ արձակելու առաջարկով: Սակայն դրանից մի քանի օր հետո ազատազրկման ժամկետը երկարացնելու վերաբերյալ Էյնուլա Ֆաթուլլաևի նկատմամբ ընդունված վճիռը ցույց տվեց, որ Ադրբեջանի իշխանությունը` նույնիսկ հարաբերությունների ավելի լարման գնով, մտադիր չէ գնալ զիջումների»,- ասել է նա: Լ. Հաջիևի կարծիքով, Ադրբեջանի կառավարության համար Հիլարի Քլինթոնի այցը հնարավորություն էր` ԱՄՆ-ի հետ հարաբերությունները լավացնելու: «Բայց Ադրբեջանի կառավարությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ պատրաստ չէ զիջման գնալ դեմոկրատիայի և խոսքի ազատության հարցում: Իլհամ Ալիևի և Հիլարի Քլինթոնի միջև քննարկված հարցերի համատեքստում Ադրբեջանի կառավարության` փոխզիջման չգնալու ցանկությունը շփոթմունքի մեջ է դրել ԱՄՆ-ին: Որևէ կասկած չկա, որ այսուհետև Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններն ավելի կսրվեն»,- եզրահանգել է փորձագետը: «Ազադլըգը» նաև հայտնում է, որ Ալիևը հայտնվել է ԱՄՆ-ի սև ցուցակում և մանրամասնում. «ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Դեվիդ Կրամերի` մարդու իրավունքների և ժողովրդավարության իրավիճակի վերաբերյալ տեսակետները Ադրբեջանում առկա իրականության արտացոլումն են: Կրամերն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Բաքու կատարած այցից անմիջապես հետո լրագրող Էյնուլա Ֆաթուլլաևի ազատազրկման ժամկետը երկարաձգելու մասին վճիռը գնահատել է որպես Ադրբեջանի ներկայիս իշխանության ուղերձ՝ ուղղված արևմտյան շրջանակներին և, միևնույն ժամանակ, այդ շրջանակներից նրա` հեռացած լինելու չափանիշ: Նա նույնիսկ ասել է, որ «Իլհամ Ալիևին հետաքրքիր չէ, թե ինչ է մտածում ԱՄՆ-ը»: Այստեղ ուշագրավն այն է, որ Արևմուտքը մեծացրել է Ադրբեջանի նկատմամբ իր քննադատություններն ու դրանց վերաբերյալ հրապարակումների քանակը: Օրակարգում Իլհամ Ալիևի` Արևմուտքի, հատկապես` ԱՄՆ հետ հարաբերություններն են: ԱՄՆ-ն այժմ ամբողջ աշխարհին հայտարարում է, որ Իլհամ Ալիևը չի հարգում իրեն: Այսինքն` դեռև ոչ պաշտոնապես, ԱՄՆ-ի համար Ալիևն ընկել է Հյուսիսային Կորեայի և Իրանի առաջնորդների ցուցակը: Իսկ Իլհամ Ալիևը դեռ հետևություն չի անում չորսշաբաթական հակաամերիկյան արշավում իր դաշնակից Իսրայելի ճակատագրից: Երևում է` այսկերպ աշխարհին ներկայացնելով իր դիրքորոշումը` ԱՄՆ-ը պատրաստվում է վերջ դնել պաշտոնական Բաքվի հետ բոլոր հարցերում իր համագործակցությանը»,- եզրահանգել է «Ազադլըգը»:

No comments: