Saturday, July 17, 2010

ԱՄՆ. ԼՂ ՀԱՐՑԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

«ԱԶԳ», 17-07-2010- ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ԱՄՆ-ի անունից հավաստիացրել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլանդերը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի նախագահն հանդիպմանը ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացմամբ, ինչը ոչ միայն բխում է մեր երկրի շահերից, այլեւ կարեւոր ներդրում կարող է ունենալ ամբողջ տարածաշրջանի անվտանգության ու կայունության ամրապնդման գործում: Անդրադառնալով միջազգային հանրության խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանը` երկուստեք ընդգծվել է, որ դա ոչ միայն մեծ ներդրում է միջազգային հանրության կողմից իրականացվող գործողություններին, այլեւ նպաստում է Հայաստանի զինված ուժերի մարտունակության աճին: Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլին վերաբերող հարցեր: Տիկին Վոլանդերն ընդգծել է, որ ռազմական ուժի կիրառման անթույլատրելիության մասին Միացյալ Նահանգներն իր դիքորոշումն արտահայտում է բոլոր մակարդակներում, եւ ԱՄՆ-ը վստահ է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

No comments: